Անհանգիստ Իրանը. բողոքի ցույցերը կանդրադառնա՞ն Հայաստանի հարաբերությունների վրա

Իրանի արտաքին քաղաքականությունը չի փոխվի, քանի դեռ իրավիճակը վերահսկողությունից դուրս չի եկել, կարծում է իրանագետ Արտյոմ Տոնոյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Իրանում կազմակերպած բողոքի ակցիաները չեն սպառնում Հայաստանի հետ հարաբերություններին, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրանագետ Արտյոմ Տոնոյանը։

«Իրավիճակը դեռևս կառավարելի է, իշխանությունները վերահսկում են ցույցերը, ներքին խնդիրներ կան բոլոր երկրներում։ Այն ծրագրերը, որոնք պետք է իրականացնեն Հայաստանն ու Իրանը, դժվար թե տուժեն», — ասաց Տոնոյանը։

Նա նշեց, որ Հայաստանին ձեռնտու է, որ հարաբերություններ կառուցի կայուն և խաղաղ Իրանի հետ։

«Հայ-իրանական հարաբերություններն առավել ակտիվ են զարգանալու, եթե երկրում կայուն իրավիճակ լինի», — ասաց Տոնոյանը։

«Սատանայի դավերը», կամ ինչ է սպասում Հայաստանին, եթե թուլանա Իրանի «իմունիտետը»

Ինչ վերաբերում է Իրանում տիրող իրավիճակին, նրա խոսքով, նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ձերբակալության մասին լուրն, ամենայն հավանականությամբ, իրականությանը չի համապատասխանում, անկախ գործող իշխանությունների հասցեին հնչեցրած նրա խիստ քննադատությունից։

Փորձագետը կարծում է, որ Իրանում տեղի ունեցող իրադարձությունները կապված են նաև իշխանության ներսում առկա խնդիրների հետ։

Իրավիճակն ապակայունացնելու համար Իրանի ներքաղաքական իրավիճակից և սոցիալական դժգոհությունից իրենց հերթին օգտվեցին արտաքին ուժերը։

Տոնոյանի խոսքով` Telegram սոցցանցում բազմաթիվ ալիքներ են ստեղծվել, որոնք, ամենայն հավանականությամբ, կառավարվում են արտաքին ուժերի կողմից. նրանց օգնությամբ ամբողջ դեկտեմբերի ընթացքում նյութեր են հրապարակվել, որոնք կարող էին իշխանությունների նկատմամբ դժգոհության ալիք հրահրել։

«Սոցիալական ցանցերն այն հիմնական գործիքն էին, որից օգտվում էին արտաքին ուժերը», — ասաց Տոնոյանը։

Բացի այդ, Իրանի նկատմամբ թշնամաբար տրամադրված արտաքին ուժերը փորձեցին ՄԱԿ-ի հարթակն օգտագործել պաշտոնական Թեհրանին քննադատելու համար։

Իրանի խոշոր քաղաքներում անցյալ տարվա դեկտեմբերի 28-ից սոցիալական բողոքի զանգվածային ակցիաներ են ընթանում։ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ բողոքի ցույցերը կապված են երկրի ներքին խնդիրների, ինչպես նաև այլ երկրների կողմից ոտնձգությունների հետ։ ԶԼՄ-ների տվյալներով, անկարգությունների զոհ է դարձել 20 մարդ։ Թեհրանում բողոքի ցույց անցկացնելու համար վերջին երեք օրվա ընթացքում մոտ 450 մարդու են ձերբակալել։