ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Հարվարդի ուսանող, ազգությամբ չինացի Մայքլ Հեն ու ազգությամբ հնդիկ ամերիկացի երգչուհի Ավանտի Նագրալը Facebook սոցիալական ցանցում ներկայացրել են «Վույ ամանը» երգի քավեր տարբերակը։
««Միակողմանի տոմս դեպի Երևան…Սիրուշոյի և Սեբուի երգը` Հայաստանից Ամերիկա, Չինաստանից Հնդկաստան։ Շնորհակալություն տաղանդավոր Ավանտան Նագրալին, որ համաձայնեց երգել ինձ հետ։ Շուտով կհանդիպենք, Հայաստա՛ն»,–ֆեյսբուքյան իր էջում տեսահոլովակի տակ գրել է չինացի տղան։
Տեսահոլովակում ներկայացված են 4 երկրի տեսարժան վայրերը` Հայաստանի, ԱՄՆ–ի, Չինաստանի և Հնդկաստանի։
Օգտատերերն արդեն հասցրել են գնահատել այս տեսահոլովակը` բազմաթիվ հիացական մեկնաբանություններ թողնելով դրա մասին։
Մայքլ Հեն Հայաստանի երկրպագուն է։ Արդեն 2 տարի է նա սոցիալական ցանցերում անընդհատ Հայաստանի մասին լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակում։
Մեր երկրի մասին չինացի ուսանողն իմացել է առաջին կուրսում, իր ընկերոջից։ Հայաստան ժամանակավոր գալու և այն մոտիկից ուսումնասիրելու համար ներշնչանք է դարձել նաև Քարդաշյան քույրերի այցը։