Գլենդելում համատարած խաբում են տարեց հայերին

Գլենդելի հայկական դպրոցի գրադարանը վերանորոգելու պատրվակով խարդախներին հաջողվել է շահել իրենց զոհերի վստահությունը և գումար կորզել նրանցից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի — Sputnik. Ամերիկյան Գլենդել քաղաքում անհայտ երիտասարդները ձևանում են որպես տեղի հայկական դպրոցի աշակերտներ, որպեսզի դրամ շորթեն տարեց հայերից, հաղորդում է ԱՄՆ-ի Հայ փաստաբանների ասոցիացիան։

Հայ պաշտոնյաներից շատերը տոները կնշեն Գլենդելում վարձակալած թանկարժեք բնակարաններում

Աղբյուրի համաձայն` 2017թ-ի վերջին գրանցվել է խարդախների բուռն ակտիվություն, որի զոհ են դարձել տարեց մարդիկ։ Չարագործները ներկայացրել են որպես Գլենդելի հայկական դպրոցի աշակերտներ և առաջարկել հայաբնակ քաղաքի տարեց բնակիչներին գումար նվիրաբերել դպրոցի գրադարանի վերանորոգման համար։

Խարդախներն իրենց նպատակի համար հատուկ ընտրել են տարեց մարդկանց. նշվում է, որ նրանց հաջողվել է շահել իրենց զոհերի վստահությունը։ Որոշ դեպքերում նրանք զրույցի համար գնացել են հայերի տներ։

«Այդ երիտասարդ ինքնակոչներն անազնիվ սխեմա են մշակել. նրանք ձևացել են որպես հայկական դպրոցի աշակերտներ և ասել, որ նվիրատվություն են հավաքում դպրոցի գրադարանի համար», — ասված է Հայ փաստաբանների ասոցիացիայի հաղորդագրությունում։ Գլենդելի շատ տարեց բնակիչներ «կուլ են տվել խայծը» և փող տվել։

Ասոցիացիան մտադիր է մի շարք դասախոսություններ կազմակերպել, որոնց միջոցով տարեց բնակիչները կտեղեկացվեն խարդախներից պաշտպանության միջոցների մասին։ Բացի այդ, կազմակերպության աջակցությամբ թողարկվել է գրքույկ, որը պարզաբանում է հարցի օրինական կողմերը։