Մատներդ էլ հետը կուտես. սուրբծննդյան սեղանի ուտեստների լավագույն տասնյակը

Հայաստանում առանձնակի ուշադրություն են դարձնում սուրբծննդյան տոնական սեղանին: Հիմնական ուտեստը չամիչով փլավն է և եփած ձուկը, թեև ժամանակակից միտումները որոշ շտկումներ են արել:
Sputnik

Հայաստանում սուրբծննդյան սեղանի համար ընդունված է երկու դասական ուտեստ պատրաստել. եփած ձուկ, որ խորհրդանշում է Քրիստոսին, և չրերով ու չամիչով բրնձով փլավ: Բրինձը խորհրդանշում է ամբողջ մարդկությանը, չրերն էլ` քրիստոնյաներին: Սուրբծննդյան գիշերն ավարտվում է հնգօրյա պահքը, որ սկսվում է դեկտեմբերի 30-ին:

Թեև Հայ առաքելական եկեղեցին չի պարտադրում պահք պահել բոլորին, բայց խորհուրդ է տալիս մաքրել հոգին, սիրտն ու մտքերը, թողնել անցած օրերի բեռն ու նոր կյանք մտնել թեթև սրտով:

Sputnik Արմենիան ներկայացնում է տոնական բաղադրատոմսերի լավագույն տասնյակը, որը կօգնի բազմազան դարձնել սուրբծննդյան սեղանն ու զարմացնել հյուրերին:

Թբիլիսո

Վրացական խոհանոցի այս ուտեստը` «Թբիլիսո» աղցանը, Հայաստանի վրացական ռեստորաններից մեկի շեֆ-խոհարարի հեղինակային բաղադրատոմսերից մեկն է: Պատրաստելու համար անհրաժեշտ են սունկ (շամպինիոն), բուլղարական պղպեղ, լոլիկ, հավի կրծքամիս, hազար, համեմունքներ:

Հավի կրծքամիսը, բուլղարական կարմիր և կանաչ պղպեղները բարակ կտրատել, շամպինիոնները չորս մասի բաժանել: Բաղադրիչները տապակել արևածաղկի յուղի մեջ: Աղ ցանել, ավելացնել լոլիկ և կանաչ սոխ: Կրկին տապակել: Այս ամենը դնել ափսեի մեջ, զարդարել լոլիկի բարակ շերտերով ու հազարի տերևներով:

Աղցանի բաղադրատոմսն այնքան պարզ է, որ կարող է պատրաստել մեզանից յուրաքանչյուրը:

Շեֆ-խոհարարին հյուր. ինչպես պատրաստել «Թբիլիսո» աղցանը

Սաղմոն ծրարի մեջ

Այս ուտեստը ևս առաջացել է Հայաստանի շեֆ խոհարարներից մեկի իմպրովիզի շնորհիվ: Ունի ցածր կալորիականություն ունի և կարելի է դնել սուրբծննդյան սեղանին։ Բաղադրատոմսի ներկայացնում ենք սաղմոնով, բայց այն կարելի է փոխարինել իշխանով կամ մեկ այլ ձկնատեսակով:

Ձկան փափկամիսը պատել սոուսով, որը նախապես պետք է պատրաստել արևածաղկի ձեթով և գինով (ուտեստը պատրաստվում է գրիլի թավայի վրա): Կտրատել բրոկոլին, բուլղարական պղպեղը: Բարակ խմորի վրա (կարելի է գնել սուպերմարկետներում) շարել կտրատած բանջարեղենն ու ձուկը, համեմել աղով և պղպեղով: Խմորի վրա արևածաղկի ձեթ քսել և ծրարի նման փաթաթել այն: Կրկին արևածաղկի ձեթով պատել և 20 րոպե եփել ջեռոցում:

Ուտեստը կարելի է զարդարել կիտրոնով, հազարի տերևներով և «չերի» տեսակի լոլիկներով:

Հյուր շեֆ-խոհարարին. ինչպես պատրաստել սաղմոն ծրարի մեջ

Արմավիր

Այս ուտեստը հայկական ավանդական խոհարարության ոսկե հավաքածուից է, առավել հայտնի է արևմտահայերի շրջանում: «Արմավիրը» պատրաստում են հորթի մսով, օգտագործվում է լոլիկ, սոխ, սմբուկ, սխտորից և ընկույզից պատրաստած սոուս, ալյուր, թթվասեր, արևածաղկի ձեթ, նեխուր:

Տաքացնել թավան, տապակել բարակ շերտերով կտրատած սոխն ու սմբուկը: Նախապես աղով, պղպեղով, ուրցով, սպիտակ գինով և արևածաղկի ձեթով համեմված միսը բարակ կտրատել և տապակել: Տապակել նաև լոլիկը:

Պատրաստի բաղադրիչները դնել ափսեի մեջ: Վրան լցնել նեխուրով, թթվասերով, ալյուրով և սխտորից ու ընկույզից պատրաստած սոուսը:

Շեֆ խոհարարին հյուր. տապակա «Արմավիր»

Չքմերուլի

Սուրբծննդյան սեղանի համար առաջարկում ենք արագ պատրաստվող և պարզ մի բաղադրատոմս, որը հայտնի է «Չքմերուլի» անունով: Հավը կիսում ենք, համեմում աղով և պղպեղով և տապակում թավայի մեջ: Զուգահեռ պատրաստում ենք սոուսը` կտրատած սխտորը խառնելով թթվասերի հետ:

Հավը դնում ենք կեցիի մեջ (հատուկ սպասք), վրան լցնում սոուսն ու 10-15 րոպե դնում ջեռոցում:

ՇԵՖ ԽՈՀԱՐԱՐԻՆ ՀՅՈՒՐ.ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏԵԼ ՉՔՄԵՐՈՒԼԻ

Արագածոտնի Հագանի

«Արագածոտնի Հագանի» ավանդական հայկական ուտեստը պատրաստում են չորաթանով ու հավի կրծքամսով: Նախապես եփած հավի կրծքամիսը տապակել արևածաղկի ձեթով, ավելացնել բուլղարական պղպեղ, չորաթան և մոտ 20 րոպե տապակել թույլ կրակի վրա: Մատուցելուց առաջ զարդարել կանաչիով:

Հյուր շեֆ խոհարարին. ինչպես պատրաստել Արագածոտնի Ագանի

Ուդոլի

Մատենադարանի ձեռագրերի շարքում հայտնաբերած տոլմայի այս բաղադրատոմսն ավելի քան 10 դարի պատմություն ունի: «Ուդոլին» հայկական ազգային ուտեստի պատրաստման բազմաթիվ տարբերակներից մեկն է:

Տոլման պատրաստվում է գառան փափկամսով, որի մեջ փաթաթում են սոխով, կտրատած կանաչիով և մանր աղացած բլղուրով միջուկը: Այնուհետև փափկամիսը փաթաթում են կաղամբի տերևի մեջ և եփում թույլ կրակի վրա` ավելացնելով ծիրանաչիրը:

2017 թվականին տոլմայի այս տարատեսակը հաղթող ճանաչվեց «Մեծ մետաքսե ճանապարհի խոհարարական ուղիներ: Ճանապարհորդություն ճաշակի հետևից Աստրախան 2017» առաջին միջազգային խոհարարական փառատոն-ֆորումի ժամանակ:

Հյուր շեֆ–խոհարարին` ինչպես պատրաստել "Ուդոլի"

Վանա քաշովի

Համարվում է, որ այս ուտեստը Վանի հայերն են հորինել: Պատրաստելու համար անհրաժեշտ է բլղուր, սոխ, համեմունքներ, միս, ցանկալի է տհալ (ղավուրմա)։ Տաքացնել թավան, կարագին ավելացնել կտրատած սոխը, մսի կտորները: Երբ միսը տապակվի, ավելացնել բլղուր, լոլիկ: Շոգեխաշել մինչև պատրաստ լինելը: Ավելացնել համեմունքներ և սամիթ:

Հյուր շեֆ-խոհարարին. ինչպես պատրաստել Վանա քաշովի

Տիգրանակերտ

«Տիգրանակերտ» հայկական ուտեստը պատրաստվում է հորթի, գառան և հավի մսով, որոնք տապակում են արևածաղկի ձեթով, այնուհետև ավելացնում տապակած կարտոֆիլը, սխտորով և ընկույզով պատրաստված «Աշտարակ» սոուսը, սամիթն ու ղանձիլը:

Հյուր շեֆ-խոհարարին. ինչպես պատրաստել "Տիգրանակերտ" ուտեստը

Մանր ծովախեցգետին քրքումով

«Մանր ծովախեցգետին քրքումով» ուտեստի հիմնական բաղադրիչը ծովախեցգետինն է: Թավայի մեջ լցնել արևածաղկի ձեթ, տապակել մանր կտրատած սխտորը: Վրան ավելացնել համեմունքներ, սերուցք, միջին չափի ծովախեցգետին և դնել կրակին: Զուգահեռ եփել բրինձը և մատուցել ծովախեցգետնի հետ:

Շեֆ խոհարարին հյուր. ինչպես պատրաստել զաֆրանով ծովախեցգետիններ

Ղարսի խորոված

Պատրաստվում է ոչ թե մանղալի վրա, այլ կրակի մոտ: Ընդ որում` միսը կարելի է նախապես բաստուրմա դնել, բայց դա պարտադիր չէ: Ամեն դեպքում միսը համեղ և ախորժելի է ստացվում:

Հյուր շեֆ–խոհարարին. ինչպես պատրաստել իսկական հայկական խորոված

Բարի ախորժակ: