Իրանում ստացվեց այնպես, ինչպես Ռուսաստանում Պետրոս Առաջինի օրոք: Մեծն բարեփոխիչն իր հրամաններից մեկում ցուցում էր տվել. «Հայերի նկատմամբ հնարավորինս բարեհաճություն դրսևորել և բեռը թեթևացնել նրանց հոսքը խթանելու համար»:
Ճիշտ նույն կերպ հայերին հատուկ արտոնություններ շնորհեց նաև շահ Ռեզա Փահլավին: Նրա օրոք մենք սկսեցինք բարձր պաշտոններ ստանձնել քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում, մեզ գավառներից մայրաքաղաք տեղափոխեցին, մեզ համար եկեղեցիներ, դպրոցներ կառուցեցին, հայտնվեցինք նաև երկրի խորհրդարանում, և Թեհրանում կրկնապատկվեց հայերի քանակը: Հարցին, թե ինչո՞ւ, մեկ պատասխան կա. ուրեմն արժանի էինք: Շահը տեսել ու գնահատել էր:
Իմ ժամանակակիցները հիշում են, թե անցյալ դարի 50-ական թվականների վերջին ինչ շուքով էին Երևանում դիմավորում շահ Փահլավիին և նրա գեղեցիկ կնոջը` Սորայային, որը հայտնի էր որպես «թախծոտ աչքերով արքայադուստր»: (Տխրությունը ժառանգ ծնելու անկարողությունից էր, ինչի պատճառով ամուսինները հետագայում բաժանվեցին):
Հին երևանցիները հավանաբար հիշում են Սուրեն Զոհրաբյանի միակ և անկրկնելի ճերմակ «Մերսեդեսը». Իրանի շահին բարեհաջող վիրահատելու համար արքայական նվերն ընծայվել էր մեր ականավոր նյարդավիրաբույժին:
Այնպես որ կարող ենք պնդել, որ երկրների միջև բարիդրացիական հարաբերությունները վաղուց են ձևավորվել, շարունակվում են նաև այսօր, երկուստեք անհրաժեշտ են նաև վաղը: Հայաստանի նախագահները պաշտոնական այցերով 7 անգամ եղել են Իրանում, Իրանի առաջնորդները` 4 անգամ Երևանում: Իրանն աշխարհի պետություններից երկրորդն էր, որ ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը, իսկ 1992 թվականի ապրիլին երկու երկրում էլ դեսպանատներ բացվեցին: Մինչդեռ ժամանակների և ժողովուրդների կապը հաստատվում է ոչ միայն պաշտոնական գործերի ժամանակագրությամբ, առևտրատնտեսական գործերով կամ 35 կմ երկարությամբ ընդհանուր սահման ունենալով…
Այժմ խոսենք այն մասին, թե հայերի գլխում առաջինն ինչ միտք է ծնվում Իրան կամ Թեհրան ասելիս: Ժամանակին, երբ մեզ մոտ դեռ չգիտեին L'Oreal-ի և Schwarzkopf-ի մասին, միայն իրանական հինան էր օգնում քողարկել մեր մայրերի ճերմակ մազերը:
Սև ձկնկիթը` բաց երկնագույն թիթեղյա տարայով, վրան Caviar գրված, նույնքան տարածված էր, որքան պարսկական գորգերը: Ե՛վ ձկնկիթ, և՛ գորգեր Հայաստանում շատ կային, ճիշտ է` երկուսն էլ թանկ էին, բայց չի կարելի ասել, որ միայն ընտրյալներին էին հասանելի: Չե՞ք հավատում, հարցրեք մեծերին:
«Գարնան 17 ակնթարթի» սցենարիստ Յուլիան Սեմյոնովից առաջ անցավ Գարեգին Սևունցն իր «Թեհրան» վեպով, որը խլացուցիչ հաջողություն ունեցավ: Բանասերին, այնուհետև ռազմածովային օդաչուին և միաժամանակ ռազմական թղթակցին 1943 թվականին տեղափոխեցին Իրան` Թեհրանում անցկացվող համաժողովի անվտանգությունն ապահովելու համար, իսկ արդեն 1952 թվականին Սևունցը հրատարակեց իր առաջին վեպը: Ինչպես գրված է նախաբանում, «գրքում նկարագրվում է իրանցի ժողովրդի կյանքը, ինչպես նաև Իրանի կառավարության նախարարների շարքում անգլիական, գերմանական և ամերիկյան գործակալների գործունեությունը»:
Ինչպես գիտենք, նույն Թեհրանում, նույն տարում և նույն խնդիրը կատարում էր նաև հետախույզ, ԽՍՀՄ հերոս Գևորգ Վարդանյանը, և ի՞նչն է զարմանալի. նա էլ էր բանասեր:
Ես չեմ խոսում այն հարյուրավոր ոչ այնքան հայտնի հայերի մասին, որոնք խորհրդային զորքերի հետ հայտնվել էին Իրանում: Ի՞նչ էր անում այնտեղ Խորհրդային բանակը:
Թուրքիայի հավանական ագրեսիայից վախենալով` Ստալինն իր զորքն էր պահում Իրանի հյուսիսում` ընդհուպ մինչև 1946 թվականի մայիսը. սա նրա քաղաքականության տրամաբանական շարունակությունն էր, որ նպատակ ուներ կանխելու Գերմանիայի հաստատումը տարածաշրջանում: Պատերազմից հետո հայերը տուն վերադարձան, բայց Իրանի մասին սկսեցին հաճախ հիշել:
Հիշում եմ նաև, թե ինչպես հայ փրկարարները հայկական Իլ-ով մարդասիրական օգնություն հասցրին Թեհրան: Սպիտակի երկրաշարժից հետո երկրաշարժ տեղի ունեցավ նաև Իրանում, և մենք արդեն ծայրահեղ ծանր պայմաններում աշխատելու փորձ ունեինք: Օդանավն արագ տեղից պոկվեց, թվաց` շատ արագ տեղ հասանք:
Չէ՞ որ Իրանը շատ մոտ է…