Հեծանիվ, մանդարին, ծնողներ. հայ պաշտոնյաները հիշում են իրենց մանկության Ամանորը

Անկախ տարիքից ու պաշտոնից մարդը միշտ մտովի վերադառնում է մանկություն ու այնտեղ գտնում իր անցյալի ամենալուսավոր կետը։ Հայաստանցի պաշտոնյաները Sputnik Արմենիային են ներկայացրել իրենց մանկության Ամանորի ամենավառ հուշերը։
Sputnik

Նելլի Դանիելյան, Sputnik.

Կար ժամանակ, երբ ՀՀ ֆինանսների ներկայիս նախարար Վարդան Արամյանը երազում էր հեծանիվ ունենալ։ «Այդ նվերը ստանալու համար հայրս իմ առջև երկու պայման էր դրել` դառնալ Երևանի չեմպիոն իմ մարզաձևում` ձյուդոյում, և քառորդն ավարտել գերազանց։ Ես կատարեցի երկու պայմանն էլ և նվեր ստացա «Շկոլնիկ» հեծանիվ»,– պատմում է Արամյանը և հավելում, որ հոր նվերը մինչև հիմա մանկության ամենավառ հիշողությունն է։

Вардан Арамян

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի համար մանկության ամենահիշարժան պահը Ամանորի գիշերը չքնելը կամ ուշ քնելն էր։ Այդ գիշերը միակն էր, երբ ծնողները թույլ էին տալիս իրենց հետ երկար նստել հեռուստացույցի առջև։ Մանկության Նոր տարին Ալթունյանը նկարագրում է մի քանի խոսքով` տոնածառ, հայրիկ, մայրիկ, նվերներ ու երկար գիշեր։

Левон Алтунян

Գյուղատնտեսության նախարարը ևս հակիրճ է նկարագրում իր մանկության լավագույն հուշերը` «ծնողներիս հետ տոնածառ զարդարելը»։

Игнатий Аракелян

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի մանկության հիշողություններում մնացել է գյուղի մեծ տունը, բազմանդամ ընտանիքն ու մանդարինի բույրը։

Арцвик Минасян

«Քանի որ մեր ընտանիքը բազմանդամ է, ամեն մեկը խառը–խշտիկ իր գործն էր անում այդ ժամանակ, փոքրերն ընկնում էին ոտքերի տակ։ Ես էլ, քանի որ ամենափոքրն էի, միշտ խանգարողի դերում էի»,– պատմում է նախարարը։ Բայց մանկության ամենավառ հիշողությունը մանդարինի բույրն է։ Այն մինչ օրս էլ ամեն անգամ Արծվիկ Մինասյանին մտովի տանում է մանկություն ու հիշեցնում հեռավոր տոնական եռուզեռը։ «Հենց մանդարինի հոտը գալիս էր, ես գիտեի, որ Նոր տարին մոտենում է»,– ասում է նա։

Пресс-конференция Армена Ашотяна

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը վստահեցնում է` Ամանորի հետ կապված մանկության ոչ մի վատ հիշողություն չունի, քանի որ ընտանիքում իրեն բոլորը միշտ շատ են սիրել։ Իսկ ամենավառ ու ամենադրական հիշողությունը Ձմեռ պապի հետ հանդիպումն է։ «Հայրս զգեստափոխվել էր ու որպես Ձմեռ Պապ եկավ ու ինձ նվեր հանձնեց։ Ես չճանաչեցի նրան»,– ասում է Աշոտյանն ու հավելում, որ միայն տարիներ անց է իմացել, թե իրականում ով է եղել Ձմեռ Պապի կերպարի տակ։