XXI դարի Հայաստանը. ինչպես են փոխվել հայերի Ամանորի ավանդույթները

Ամանորը և Սուրբ ծնունդն իսկական ուրախություն են ամբողջ մոլորակի բնակիչների, այդ թվում` հայերի համար, որոնք յուրահատուկ կերպով են պատրաստվում տոներին։
Sputnik

Հայկական ընտանիքներում տոները ոչ միայն ուրախություն են, այլ նաև մեծ ծախսեր։ Հայերը ժամանակին Նոր տարին դիմավորելու շատ գեղեցիկ ավանդույթներ են ունեցել, իսկ այսօր 21-րդ դարը հարվածում է ոչ միայն մարդկանց գրպաններին, այլև երևակայությանը։

Հնագույն ժամանակներում մեր ժողովուրդը Նոր տարին նշել է մարտի 21-ին։ Այդ տոնն անվանել են նաև Ծաղկեմուտ, այն խորհրդանշել է գարնանամուտը։

Հայ գրողները Նոր տարվա փող էին խնդրում Դեմիրճյանից

Հայերի մոտ Ամանորի երկրորդ տոնը Նավասարդն է (պարսկերենից վերցրած բառ է` «նավ»` նոր, «սարդ»` տարի)։ Դարեր շարունակ այդ տոնը նշել են օգոստոսի 11-ին։

Հայերին այսօր կարելի է բաժանել երեք խմբի. նրանք, ովքեր նշում են Նոր տարին ընտանիքի հետ, ոմանք ընկերների հետ, իսկ երրորդներն ընդհանրապես մոռանում են ամեն ինչի մասին և մեկնում ճանապարհորդության։

Այս իրավիճակում ամենագլխավորը շատ չուտել և շատ չխմելն է։ Երբեմն «Շտապօգնության» բժիշկները չեն հասցնում արձագանքել Երևանի և այլ քաղաքների բնակիչների զանգերին։

Շատ ուտելիք և վարկեր

Եթե տարիներ առաջ մեր նախապապերը և նախատատերը սեղանին դրել են քաղցր կարկանդակներ, գաթա, չրեր, անուշապուր, նուռ, նուշ և գինի, ապա այսօր սեղանը ճկվում է ուտեստների առատությունից։

Թվում է` ժամանակը փչացնում է մարդկանց, և շատերը տոնի խեղաթյուրված պատկերացում ունեն։ Նոր տարուն մարդիկ վազում են շքեղության հետևից։ Շատերը չեն պատկերացնում, թե ինչպես կարող է իրենց սեղանն ավելի համեստ լինել, քան հարևանինն ու բարեկամինը։

Հայկական ուտեստների հնգյակը, առանց որոնց անհնար է պատկերացնել Ամանորի սեղանը

Այսօր հայկական սեղաններին կարելի է տեսնել կոկորդիլոսի, ջայլամի, էկզոտիկ կենդանիների միս։ Հետո «ամենագլամուրայիններն» անպայման պետք է աչքի ընկնեն թանկարժեք ալկոհոլային խմիչքներով, Հայաստանի համար հազվագյուտ մրգերով, բոլոր տեսակների պանիրներով…։ Ամենամեծ ողբերգությունն այն է, որ շատերն Ամանորի համար վարկ են վերցնում։

Տնից տուն

Եթե հունվարի 1-4-ը դուք հայի տուն եք հյուր գնացել, ապա նկատի ունեցեք, որ նա անպայման փոխադարձ այց կկատարի։ Այդ ավանդույթը հասել է մեր օրեր այն ժամանակներից, երբ մեր նախնիներն ապրել են իրար մոտ գտնվող սեփական տներում։ Նրանք միասին պատրաստվել են տոներին, կանայք միասին են հավաքվել և ուտելիք պատրաստել, իսկ երեխաներն անհամբեր սպասել են համեղ ուտելիքի և լավ տրամադրության։

Այսօր հայերին բնորոշ է հյուր գնալիս ալկոհոլ և կոնֆետներ տանել։ Ընդ որում, նոր տարվա առաջին օրերին կյանքը Հայաստանում ասես կանգ է առնում։ Գրեթե բոլոր խանութները փակ են, շուրջբոլորը ձյան կույտեր են, իսկ եթե ինչ-որ մեկը դուրս է գալիս փողոց, ապա միայն հյուր գնալու կամ թեկուզ մեկ բաց խանութ գտնելու համար, որպեսզի պատրաստվի թանկագին հյուրի գալուն։

Թեև լինում են անկոչ հյուրեր, բայց դա արդեն այլ պատմություն է։

Այ քեզ երիտասարդություն

Հայաստանի գրեթե յուրաքանչյուր շրջանում հետևել են «կախուկա» (կամ «գոտեկախ», «չլոլունկ») ավանդույթին։ Երիտասարդներն Ամանորի նախորդ գիշերն իրենց հետ վերցրել են փաթեթներ և զամբյուղներ ու իջեցրել ծխնելույզով, շնորհավորել ընտանիքի անդամներին երգերով և բարեմաղթանքներով։ Տանտիրուհին զամբյուղները լցրել է մրգերով և քաղցրավենիքով։

Կաղանդ պապի վերադարձը

Այսօր Հայաստանի երիտասարդությունը Նոր տարին հիմնականում դիմավորում է ակումբներում, փաբերում, ռեստորաններում, աղջիկները զբոսնում են մինչև առավոտ, անխղճորեն փող ծախսում և միայն առավոտյան վերադառնում տուն։ Երիտասարդ սերնդի շատ ներկայացուցիչներ կարծում են, որ տանը նստելը նորաձև չէ, պետք է «եվրոպական» ձևով ժամանակ անցկացնել։

Իհարկե, կան մարդիկ, որոնք այդ ուրախ տոնը նշում են ընտանիքի հետ։

Ամեն ինչ խառնվել է

Եթե տարիներ առաջ մեր մտերիմները բավարարվում էին հյուրասիրությամբ, ապա այսօր անպայման պետք է նվերներ տալ միմյանց։ Ընդ որում, շատ հայեր մինչև դեկտեմբերի 31-ը վերածվում են մոլեգին գնորդների։

Նախկինում հայերը խարույկ են վառել` կրակին հանձնելով վատ բաները,  աղջիկները ջրի մեջ տարեհացի կտոր են գցել` որպես զոհաբերություն, իսկ փոքրիկները սպասել են Կաղանդ պապին։

Ընտանիքի գլխավոր անդամը բարձրացրել է առաջին գավաթը, օրհնել սեղանը, շնորհավորել բոլորին Ամանորի կապակցությամբ և առաջարկել բոլորին մեղր համտեսել, որպեսզի նոր տարում շատ լինեն քաղցր օրերը։ Այսօր այդ ավանդույթը տակնուվրա է եղել։ Բոլորը նստում են սեղանի մոտ, լսում նախագահի ելույթը, զանգերի ղողանջից հետո սկսվում է հոգու, ավելի ճիշտ ստամոքսի բավարարման գործընթացը, իսկ կենացներն էլ վերածվում են սովորական հարբեցողության։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ։