ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը կտրականապես հրաժարվում է հաշտվել նախկին կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ, ավելին՝ մտադիր է պատժել նրան։ Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթը:
Վիտալինան Շոպենի ստեղծագործություններից մեկը նվիրել է նախկին ամուսնուն՝ նախատոնական նվերը մատուցելով հեռուստահաղորդման ընթացքում։ Նա Ջիգարխանյանին հրավիրել է Մոլոդոգվարդեյսկայա փողոցում գտնվող բնակարան, որը, նրա խոսքով, ընտանեկան օջախ է եղել: Հետո Ցիմբալյուկի օրինական փաստաբան Լարիսա Շիրոկովան ասել է, որ հնարավոր է` Ջիգարխանյանի հետ հաշտեցման պայմանագիր կնքվի, բայց դերասանի փաստաբանը պարբերականի հետ զրույցում հերքել է այդ տեղեկությունը։
«Ոչ մի հաշտեցում չկա: Պարզապես նրանց փաստաբանը կապ է հաստատել ինձ հետ, մենք հանդիպել ենք, շփվել: Բայց խոսքը հաշտեցման մասին չէ: Չգիտեմ՝ ինչու է փաստաբանն այդպես որոշել: Եթե նրանք պատրաստ են դրան, ապա ես Արմեն Բորիսովիչի մոտ կգնամ ու կհարցնեմ նրա կարծիքը: Ոչ ավելին: Դե, նրանք պայմանների մասին են մտածում: Ընդ որում՝ Արմեն Բորիսովիչն ընդհանրապես վճռական է տրամադրված: Նա նույնիսկ դեմ էր, որ ես Վիտալինայի ներկայացուցիչների հետ հանդիպեմ»,- թերթի հետ հարցազրույցում ասել է Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը:
Նրա խոսքով՝ այս վիճաբանությունը չի կարող հավերժ շարունակվել, բայց առայժմ ոչինչ չի փոխվել: Ջիգարխանյանը համոզված է՝ Վիտալինային պատժել է պետք ու ունեցվածքի մի մասն էլ վերադարձնել: Այդ հարցը լուծելու են կա՛մ քննչական մարմինները, կա՛մ դատարանը: ՆՏՎ հեռուստաընկերության եթերում Էլինա Մազուրի խոստովանություններից հետո Ցիմբալյուկը զանգահարել է Պարֆյոնովին և ասել, որ Էլինան աղմկահարույց հայտարարություն է արել:
«Սկսեցինք փնտրել նրան, որպեսզի ցուցմունք տա քննիչներին, բայց նա անհետացել է: Բոլոր հեռախոսահամարներն անջատած են: Կարծում եմ՝ նա չի պատրաստվում օգնել մեզ: Իսկ այդ դեպքում ես անտարբեր եմ նրա խոստովանությունների նկատմամբ: Հիմա համապատասխան մարմիններն են նրա բիզնեսներով զբաղվում», — ասել է Պարֆյոնովը:
Փաստաբանը համոզված է, որ վերջին իրադարձությունների սցենարը հենց Էլինան է գրել, ու եթե նա չլիներ, Վիտալինան այդքան հեռու չէր գնա, վիճաբանությունն էլ վաղուց լուծված կլիներ: Մազուրն ունի իր շահերը, իր բիզնեսը, նրա հետևում մարդիկ են կանգնած:
Ջիգարխանյանը կտրականապես դեմ է հաշտությանը:
«Ե՛վ նրանից, և՛ նրա մտերիմներից գիտեմ, որ Վիտալինայի հետ ոչ մի հանդիպում չի ակնկալվում: Տեսականորեն հանդիպումը կարող է կայանալ, բայց ոչ տեսախցիկների առաջ», — հայտնել է փաստաբանը:
Նա համոզված է, որ Մազուրը հեռուստահարցազրույցի ժամանակ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային վատ կողմից է ներկայացրել` հայտնելով, որ նրան պետք չէ ծեր ու չքավոր Ջիգարխանյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին Վիտալինայի դեմ քրեական գործ է հարուցվել, իսկ դեկտեմբերից 5-ին նրան մեղադրանք է ներկայացվել ՌԴ Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով (անձնական կյանքի անձեռնմխելիության խախտում):
Մի քանի ամիս շարունակ հասարակությունը քննարկում է Արմեն Ջիգարխանյանի ու նրա երիտասարդ կնոջ շուրջ ծավալված սկանդալը։ Դերասանը հայտարարել է, որ կինը խաբեությամբ յուրացրել է փողերը, իր անունով դարձրել անշարժ գույքն ու մահափորձ կազմակերպել։ Վիտալինան իր հերթին հայտարարել է, որ որևէ հարցում մեղավոր չէ, ավելին` նա կատարվածի համար մեղադրում է Ջիգարխանյանին շրջապատող մարդկանց։ Նշենք, որ նոյեմբերի 27-ին Մոսկվայի Կունցևոյի 202-րդ շրջանի դատական տեղամասը բավարարել է դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի ու Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծության դիմումը։