Երբ Ամանորի զանգերը ղողանջում են երկնքում. ինչպե՞ս են Նոր տարին դիմավորում ինքնաթիռում

Նոր տարին այն տոներից է, որ յուրաքանչյուրը փորձում է նշել ընտանիքի անդամների հետ։ Բայց կան մարդիկ, որոնք ծառայության բերումով ստիպված են լինում տարվա գլխավոր գիշերը դիմավորել աշխատավայրում։ Նրանց թվում է նաև ինքնաթիռի անձնակազմը։
Sputnik

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

«Armenia» ավիաընկերության անձնակազմը Նոր տարին ինքնաթիռում դիմավորելու մասին խոսելիս հիշում է, թե ինչպես ժամանակային գոտիների փոփոխության արդյունքում թռիչքի ժամանակ Ամանորը դիմավորեցին երկու անգամ։

«Մենք Երևանից Մոսկվա էինք մեկնում, ժամանակային տարբերության պատճառով Նոր տարին դիմավորեցինք Երևանի ժամանակով, իսկ հետո` Մոսկվայի։ Տոնի յուրահատուկ զգացողություն էր», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Armenia ավիաընկերության բորտուղեկցորդուհի Մարիամ Սարգսյանը։

Мариам Саргсян

Նրա խոսքով` ժամը 24։00-ին ուղևորները սկսում են շնորհավորել միմյանց։ Ինքնաթիռում ընտանեկան մթնոլորտ է տիրում, բոլորը ժպտում են և դրական զգացմունքներ ճառագում։

«Դեկտեմբերի 31-ի կեսգիշերին ինքնաթիռի հրամանատարը շնորհավորում է ուղևորներին։ Ավիաընկերությունները սովորաբար այդ առիթով շամպայն և գինի են տրամադրում ուղեկցորդներին, իսկ Ամանորին մենք հյուրասիրում ենք ուղևորներին», — ասաց Սարգսյանը։

Ի տարբերություն Մարիայի, Armenia ավիաընկերության հրամանատար Հովհաննես Խաչատրյանը Նոր տարին երեք անգամ է դիմավորել երկնքում։ Քաղաքացիական ավիացիայի ավանդույթների համաձայն` երբ զանգերը հնչում են, անձնակազմը կապ է հաստատում կարգավարների հետ, և բոլոր սկսում են շնորհավորել միմյանց։

«Ես էլ եմ մեկ թռիչքի ընթացքում երկու անգամ դիմավորել Նոր տարին։ Այդ ամենի գիտակցումն արդեն գալիս է թռիչքից հետո, տանը։ Իսկ ինքնաթիռում դա քեզ համար ընդամենը աշխատանք է և ոչ ավելին»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչատրյանը։

Խաչատրյանը 2017թ-ի ապրիլին է հրամանատարի կոչում ստացել։ Խոստովանում է, որ դրանից հետո ուղևորների առաջ պատասխանատվությունն ավելացել է։ Օրվա ցանկացած ժամին օդ բարձրանալու, սեփական ծննդյան օրն ու Ամանորի գիշերն աշխատելու համար պետք է շատ սիրել մասնագիտությունը և մի քիչ խենթ լինել, վստահ է նա։

«Մենք ուղևորվում էինք անապատային, սակավաբնակ Չադ։ Հանկարծ ինքնաթիռում մեկն ինձ հարցրեց` հա՞յ ես։ Պարզվեց, որ այդ մարդն ինձ դասավանդել է դեռ ուսումնարանում։ Այնպես որ Չադում էլ կարելի է հայի հանդիպել», — ժպտում է հրամանատարը։

Օձը` ինքնաթիռում, օդաչուն` երկնքում

Այդ դեպքն օդաչուի պատկառելի կարիերայի ընթացքում (ավելի քան 3000 ժամ թռիչք) ամենազավեշտալին և անսովորն է եղել։

«Armenia»-ն ներկա փուլում չվերթեր է իրականացնում Երևանից Մինվոդի, Թել Ավիվ, Բեյրութ: Ավիաընկերությունը մտադիր է կանոնավոր չվերթեր գործարկել նաև նոր ուղղություններով։

«Armenia»-ի ավիապարկում երկու ինքնաթիռ կա` Boeing 737-500, Boeing 737-700։ Ընկերությունն ունի 53 աշխատակից։

Ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (51 տոկոս բաժնետոմս), Թամազ Գաիաշվիլին (24 տոկոս) և Ռոբերտ Օգանեսյանը (25 տոկոս): Հայաստանն ազգային ավիափոխադրողից զրկվել է 2013 թվականին` «Արմավիա» ընկերության սնանկացումից հետո:

Հայրենական ավիաշուկայում այսօր երկու հայկական ընկերություն է գործում` «Armenia»-ն և «Տարոն-ավիան»։