ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Լոռու մարզում տարբեր անձինք ցամաքեցնում են Փամբակ գետի հունը` շինարարական աղբ, հող, քար ու ավազ լցնելով։ Գետից զավթած տարածքում առաջացած ցամաքի վրա էլ տարբեր օբյեկտներ են կառուցում` սրճարաններ, հանգստի գոտիներ, առևտրային հարթակներ, անգամ` բենզալցակայաններ։ Խնդրի մասին Sputnik Արմենիային պատմել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ ղեկավար Կարեն Հեքիմյանը։
«Հենց հիմա Փամբակ գետի մի քանի հատվածներ դարձյալ չորացնում են, չգիտեմ ինչ են սարքում, բայց ինչ-որ շինարարություն են անում»,– ահազանգում է մեր զրուցակիցը։
Կատարվող ապօրինությունների մասին Հեքիմյանը ավելի քան մեկ տարի առաջ ահազանգել է նաև Վանաձորի քաղաքապետարան ու ոստիկանության բաժին, պետական ու համայնքային մարմինների ուշադրությունը փորձել գրավել նամակներով ու ֆեյսբուքյան գրառումներով, բայց անարդյունք։ Միակ կառույցը, որ արձագանքել է քաղաքացու դիմումին, եղել է Բնապահպանության և ընդերքի տեսչությունը։
«Եկան, նկարահանեցին, վարույթ հարուցեցին, հետո Երևանից եկան հատուկ մարդիկ, անօդաչու սարքով կոորդինատները որոշեցին։ Հետո դիմեցին Կադաստրի պետական կոմիտե, ստացված նոր կոորդինատները համեմատեցին գետի հունի` կադաստրում եղած նախկին կոորդինատների հետ, և պարզեցին, որ, իրոք, մարդիկ չորացրել են գետի այդ հատվածը։ Եթե նախկինում այդ կետում հունի լայնությունը կազմում էր մոտ 18-20 մ, հիմա առավելագույնը 5 մ է մնացել։ Այսինքն՝ մնացած հատվածը չորացրել են»,– պատմեց Հեքիմյանը։
Բնապահպանության ու ընդերքի տեսչությունը իր ձեռք բերած փաստերն ու գնահատականները ուղարկել է Քննչական կոմիտե, որտեղ դրանց հիման վրա վարույթ է հարուցվել։
Հեքիմյանի խոսքով` ՔԿ Լոռու բաժինն արդեն 1 տարի քննում է հարուցված քրեական գործը, բայց քրևէ առաջընթաց չկա։ ՀԿ նախագահի ունեցած տեղեկություններով` գործի շրջանակներում վկաներ չեն հարցաքննվել, մեղադրյալ չկա։ Գետի հունը զավթելու նոր փաստեր էլ չեն հավաքագրվել, թեև ապօրինություններ են եղել գետի նաև այլ հատվածներում։
«Մարդիկ տեսնում են, որ բացարձակ ամենաթողություն է, նույնիսկ քննչականն է անգործության մատնված, հանգիստ շարունակում են գետի հունը չորացնել ու նոր օբյեկտներ կառուցել։ Պարզ է` կասեն, եթե էս հատվածի հետ կապված որևէ առաջընթաց չկա, արի, մենք էլ էս մյուս հատվածը չորացնենք ու առաջ գնանք»,– նկատում է մեր զրուցակիցը։
Կարեն Հեքիմյանի պնդմամբ, խնդիրը միայն բնապահպանական չէ։ Գետի հունը չորացնելու հետևանքով ոչ միայն հունն է փոխում, այլև նեղանում է, ինչը վարարումների դեպքում կարող է աղետալի հետևանքների հանգեցնել։ Բացի այդ, մեկ այլ հատվածում ջրի մակարդակը բարձրանում է ու լցվում է այլ քաղաքացիների սեփական տարածքներ։
Նման դեպքեր Վանաձորում ևս կան։ 2025թ–ին գետի ջուրը լցվել է Վանաձորի բնակիչ Դավիթ Խաչատրյանի արտադրական տարածք ու փչացրել ամբողջ գույքը` նյութական մեծ վնասներ պատճառելով տնտեսվարողին։ Սեփականատերը դիմել է իրավապահներին ու փորձագետներին։ Փորձագիտական եզրակացությունը հաստատել է պատճառված վնասը։ Բայց այս դեպքով ևս վարույթը այդ կետում կանգ է առել ու արդեն մեկ տարի տեղից չի շարժվում։
Փոխարենը այս տարի ևս գետում ջրի բարձրանալու հետևանքով արդեն մեկ այլ սեփականատիրոջ տարածք է ողողվել։
Մարդիկ շարունակում են տուժել, պատկան կառույցները` անգործություն դրսևորել, իսկ ապօրինի շինարարությունը գետի երկայնքով անարգել շարունակվում է` վնասելով բնությունը և վտանգելով մարդկանց գույքն ու կյանքը։