Թեհրանում առաջին անգամ պատմել են Իրանի գերագույն առաջնորդի առողջական վիճակի մասին

Այս ամբողջ ընթացքում իրանական ԶԼՄ-ները պարբերաբար հերքում էին նախկին հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի որդու մահվան մասին լուրերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին լիովին առողջ է, նա արդեն ապաքինվել է ստացած վնասվածքներից։ Այս մասին հայտնում է «Al Araby» հեռուստաալիքը՝ հղում անելով գերագույն առաջնորդ գրասենյակի արարողակարգային ծառայության ղեկավար Մազահեր Խոսեյնիին։
«Մեջքի վնասվածքը լավացել է, իսկ ծունկը շուտով կվերականգնվի», – ասվում է հրապարակման մեջ:
Իրանցի պաշտոնյան հայտարարել է, որ թշնամական ուժերը փորձում են նրա մասին տեղեկություններ ստանալ մահափորձ կազմակերպելու նպատակով:
Նշենք, որ Իրանի նոր առաջնորդը տուժել էր փետրվարի 28-ի հարձակման ժամանակ, երբ Իսրայելն ու ԱՄՆ-ն համատեղ ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ:
Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները նույնպես փաստացի հաստատել էին դա՝ հայտարարելով, որ Խամենեին, չնայած ստացած վնասվածքներին, մասնակցում է ԱՄՆ-ի հետ հակամարտության դիվանագիտական կարգավորման ռազմավարության մշակմանը: CNN-ի տվյալներով` հատուկ ծառայությունները դեռ չգիտեն, թե կոնկրետ որտեղ է գտնվում Իրանի առաջնորդը, քանի որ նա կապի էլեկտրոնային միջոցներ չի օգտագործում: