Մենք պարտավոր ենք չմոռանալ ֆաշիզմի բերած աղետները. Նիկոլ Փաշինյանի ուղերձը

Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Բաղաբուրջի հուշահամալիրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Մայիսի 9-ի առիթով` նշելով, որ ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 81–ամյակը դիմավորում ենք միջազգային բարդ պայմաններում։
«Մենք պարտավոր ենք չմոռանալ այն աղետները, որ մարդկությանը բերել է ֆաշիզմը և դատապարտել այդ երևույթն իր բոլոր դրսևորումներով։ Այսօր մենք գլուխ ենք խոնարհում բոլոր այն նահատակների առաջ, ովքեր իրենց կյանքը տվեցին մարդկությունը ֆաշիզմից փրկելու համար։ Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում նաև ֆաշիզմի դեմ պայքար մղած բոլոր երկրներին և մարդկանց»,– նշել է նա։
Փաշինյանն ընդգծել է` այդ պատերազմում քաղաքակիրթ մարդկությունը «ո՛չ» ասաց ֆաշիզմին։
«Այս գործում տեսանելի ներդրում է ունեցել հայ ժողովուրդը, որի ավելի քան կես միլիոն ներկայացուցիչ Խորհրդային, ինչպես նաև արևմտյան դաշնակցային բանակներում և ընդհատակյա դիմադրական խմբերում պայքար են մղել ֆաշիզմի դեմ։ Այդ պայքարն ու ներդրումը բարձրագույն գնահատանքի է արժանացել մի շարք երկրներում»,– հավելել է նա
Փաշինյանը նշել է` մայիսի 9–ը նշում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության պայմաններում։
«Այսօր մեր խնդիրն է՝ պատշաճ խնամք տանել ձեռք բերված խաղաղության նկատմամբ՝ այն ամեն օր ավելի ամուր և ավելի հուսալի դարձնելու նպատակով։ Հաստատված խաղաղությունը պատմական հնարավորություն է մեր երկրի համար՝ այն հասցնելու նախկինում չտեսնված անվտանգության, բարեկեցության ու զարգացման աստիճանի։ Այսօր մենք վստահորեն քայլում ենք այդ ճանապարհով և զարգացած, ազատ, անվտանգ, բարեկեցիկ, ժողովրդավարական Հայաստանի Հանրապետությունն է հարգանքի մեծագույն տուրքը՝ մեր ժողովրդի բոլոր ժամանակների բոլոր նահատակների հիշատակին, և այն ծառայությունը, որը մենք պետք է մատուցենք մեր քաղաքացիներին և սերունդներին։ Մենք կմատուցենք մեր տուրքը, մենք կմատուցենք մեր ծառայությունը»,– եզրափակել է նա։
Հիշեցնենք` տասնամյակներ շարունակ մայիսի 9-ը նշվել է որպես եռատոն՝ միավորելով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը, Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը։
Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել Բաղաբուրջի հուշահամալիրում