ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. Ռուսական սահմանապահների ծառայություններից հրաժարվելուն զուգահեռ Հայաստանը պետք է հստակեցնի իր սահմանային անվտանգության հայեցակարգն ու փոխհարաբերությունը սահմանակից 4 հարևան երկրների հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է Ռուսական սահմանապահ զորքերի վետերան, սահմանային անվտանգության հարցերով փորձագետ Լև Ազատխանյանը։
Նշենք` կառավարության նախորդ նիստին հաջորդած ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով հայ-թուրքական և հայ-իրանական սահմանները Հայաստանի սահմանապահ ծառայության հսկողությանը փոխանցելու հնարավորության մասին հարցին, հիշեցրել էր, որ ՀՀ–ի և ՌԴ-ի միջև 1992 թ. կնքված պայմանագրով նախատեսվում է, որ հայկական սահմանապահների կարողությանը զուգահեռ սահմանների նշված հատվածները պետք է անցնեն Հայաստանի հսկողության տակ։ Ըստ Փաշինյանի՝ ռուսական կողմը դիմել է ՀՀ–ին` սահմանային պահպանությանն ուղղված գումարների ավելացման հարցով։ Գործադիրի ղեկավարը, սակայն գտնում է, որ այդ գումարները կարելի է ծախսել հայկական սահմանապահ ծառայության կարողությունների զարգացման վրա։ Ի դեպ, պայմանագրով նախատեսված է, որ սահմանի պահպանման ծախսերը երկու կողմերը պետք է հավասարաչափ իրականացնեն։
Լև Ազատխանյանը մինչդեռ փաստում է, որ տևական ժամանակահատվածում սահմանային հսկողությանն առնչվող ծախսերը գրեթե ամբողջությամբ հոգացել է ռուսական կողմը։
Հետևաբար, ռուսական սահմանապահ ծառայությունից հրաժարվելու դեպքում Հայաստանը պետք է ոչ միայն ֆինանսական, այլև ռազմատեխնիկական խնդիրներն ինքնուրույն հոգա։
«Տագնապային, ազդանշանային համակարգերը տեղադրվել են դեռևս խորհրդային ժամանակներում։ Բնականաբար, դրանց ժամկետը սպառվում է, վերանորոգման կարիք կա։ Հաշվարկվել է, որ նոր համակարգերի տեղադրումը կարող է ավելի էժան լինել, քան դրանց անընդհատ վերանորոգումը։ 2000-ականների սկզբին Հայաստանում գտնվող Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը Թուրքիայի և Իրանի հետ սահմանին գտնվող ինժեներական և տեխնիկական սարքավորումները արդիականացնելու ծրագիր առաջարկեց։ Այն հաստատվեց, բայց հայկական կողմը հետաձգեց իրագործումը, միգուցե պայմանավորված ֆինանսավորման խնդիրներով, չնայած պետք է ֆինանսավորվեր 50/50 հարաբերակցությամբ», - պատմում է Ազատխանյանը։
Ինչ վերաբերում է մերօրյա իրողություններին, սահմանապահ պաշտոնաթող սպայի տեղեկություններով, սահմանային անվտանգության սարքավորումներն այսօր Ռուսաստանից Հայաստան են մատակարարվում ՌԴ պետգնումների միջոցով՝ արտոնյալ գներով և ոչ թե միջազգային։ Սա, նրա համոզմամբ, լրացուցիչ առավելություններ է տալիս ՀՀ պաշտպանական համակարգին։
«Այսօր, նախքան որևէ սահմանային դիրք իր պաշտպանության տակ ընդունելու վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը, Հայաստանը պետք է մշակի սահմանային հուսալի անվտանգության սեփական բանաձևը` արտահայտված գումարով և անձնակազմով։ Ի վերջո, սա ենթադրում է պատասխանատվություն ժողովրդի և, մասնավորապես, սահմանային գոտում ապրող մարդկանց նկատմամբ»,– ընդգծում է Sputnik Արմենիայի զրուցակիցը։
Ինչ վերաբերում է սահմանի պաշտպանությունը սեփական ուժերով ստանձնելու մասին ՀՀ վարչապետի պարբերաբար կրկնվող հայտարարությանը, Լև Ազատխանյանը դրանում որևէ արտառոց բան չի տեսնում` ընդգծելով, որ ՌԴ–ի և ՀՀ–ի միջև անկախացումից հետո կնքված պայմանագրի 4-րդ հոդվածը նախատեսում է սահմանի վերահսկողության փոխանցում Երևանին, հենց որ հայկական սահմանապահ զորքերը պատրաստ լինեն ինքնուրույն ապահովելու իրենց երկրի սահմանի անվտանգությունը։
«Հայաստանն ունի սահմանապահ զորքեր, որոնք մարտունակ են, հասել են որոշակի արդյունքների, պահպանում են հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներ, և ամեն ինչ կարգին է։ Հայկական կողմը կարող է հեշտությամբ պահպանել նաև սահմանի այլ հատվածներ։ Բայց նախ պետք է հսկայական աշխատանք կատարվի», - ասում է սահմանապահ վետերանը` առաջին հերթին նշելով կադրային պատրաստվածության խնդիրը։
Բանն այն է, որ հայաստանյան ռազմական ուսումնական հաստատություններում, նրա տեղեկություններով, սահմանապահ ծառայության խորը մասնագիտական դասընթացներ նախատեսված չեն, և հայ սահմանապահները տարիներ շարունակ վերապատրաստվել են ՌԴ–ում։ Դրա ամենավառ օրինակը «Զվարթնոցի» սահմանապահների վերապատրաստման ու ՌԴ սահմանապահների հետ համատեղ աշխատանքն է։
Սահմանային անվտանգության հարցերով փորձագետ Լև Ազատխանյանը
© Sputnik
«Վախենում եմ, որ այսօր սահմանային անվտանգությունը ստանձնել պատրաստվող մարդիկ այդքան էլ խորը մասնագիտացած չեն։ Ի վերջո, դրա համար անհրաժեշտ են մասնագետներ, ովքեր գիտեն, թե ինչպես վարվել հայկական հողի վերջին մետրում որևէ արտակարգ, ոչ ստանդարտ իրավիճակի դեպքում։ Իսկ այդ իրավիճակները շատ տարբեր ու բազմազան են», - ասում է փորձագետը։
Ազատխանյանի բնորոշմամբ` պետական սահմանը «նուրբ հարց է», և մեր երկրի չորս սահմաններից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունները։
«Սա մի ամբողջ համալիր է, որը ներառում է ոչ միայն բուն սահմանապահներին, այլև տեղական ինքնակառավարման մարմիններին, Ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանությանը, նախարարություններին և սահմանամերձ գոտու բնակիչներին։ Սահմանային ռիսկերը ևս տարբեր են` սահմանապահների և տեղի բնակիչների առևանգման դեպքերից մինչև ահաբեկչական հարձակումների վտանգ, հատկապես` սահմանին մոտ գտնվող ատոմակայանի պարագայում։ Այս ամենը պետք է հաշվարկված լինի անվտանգության համակարգում, ներառի վերլուծություններ և իրավիճակային լուծումներ առաջնագծի բազմաթիվ կիլոմետրերի համար»,– նշում է մասնագետը։
Իր կյանքի տասնյակ տարիները սահմանի պաշտպանությանը նվիրած վետերանն արձանագրում է, որ չնայած լավատեսական հայտարարություններին Հայաստանի և Թուրքիայի ու հատկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը շուտ չի հաստատվելու, և դա հատկապես քաջ գիտակցում են սահմանին ապրող ՀՀ քաղաքացիները։