ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հաղթանակի օրվա կապակցությամբ մայիսի 9-11-ը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռօրյա հրադադար կհաստատվի։
ԱՄՆ նախագահը սոցցանցում գրել է, որ այս հրադադարը կներառի մարտական ակտիվության ամբողջական կասեցում, ինչպես նաև յուրաքանչյուր կողմից 1000–ական գերիների փոխանակում: Նա հավաստիացրել է, որ դա իր անձնական նախաձեռնությունն է, որին աջակցել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Հուսով եմ, որ սա կլինի շատ երկար, արյունալի և լարված հակամարտության ավարտի սկիզբը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր այս ամենամասշտաբային ու խոշոր հակամարտության ավարտի շուրջ բանակցությունները շարունակվում են, և մենք օրեցօր ավելի ենք մոտենում լուծմանը», – գրել է նա։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էր հայտարարել մայիսի 8-ից 10-ը հատուկ ռազմական գործողության գոտում հրադադար հայտարարելու մասին։ Հրադադարի ընթացքում կդադարեն հարձակումները Ուկրաինայի զինված ուժերի տեղակայման վայրերի և ռազմաարդյունաբերական համալիրի հետ կապված օբյեկտների, ինչպես նաև Ուկրաինայի տարածքում գտնվող զինված ուժերի վրա։