Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Խաղաղ ենթակառուցվածքներին հարվածելը Կիևի ռեժիմի ահաբեկչական բնույթի դրսևորումն է․ Պեսկով

Ուկրաինան շարունակում է հարվածներ հասցնել Ռուսաստանի քաղաքացիական ենթակառուցվածքներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածները խաղաղ ենթակառուցվածքներին, տներին և առանձին քաղաքացիներին Կիևի ռեժիմի ահաբեկչական բնույթի դրսևորումն են։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Կիևի ռեժիմը շարունակում է հարվածներ հասցնել խաղաղ ենթակառուցվածքներին, քաղաքացիական ենթակառուցվածքներին, խաղաղ տներին, պարզապես առանձին քաղաքացիների: Սա Կիևի ռեժիմի ահաբեկչական բնույթի դրսևորումն է»,-ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով Ռուսաստանի հարավում Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածները:
Նա նշել է, որ Ռուսաստանի հարավում օդային տարածքի սահմանափակումների հետևանքների գնահատմամբ զբաղվում է ՌԴ տրանսպորտի նախարարությունը:
Ավելի վաղ Ռոստովի մարզպետ Յուրի Սլյուսարը հայտնել էր, որ գիշերը տարածաշրջանը ենթարկվել է ԱԹՍ-ների և հրթիռի օդային հարձակման: Չալտիր գյուղում վնասվել է 50 առանձնատուն և 3 ավտոմեքենա: Մյասնիկովսկի շրջանի հարավարևելյան արդյունաբերական գոտում հրթիռի ընկնելու հետևանքով բռնկվել են պահեստային տարածքներ, փլուզվել է պահեստի շենքը։ Հրդեհը մեկուսացվել է:
Դոնի Ռոստովում նույնպես վնասվել են բնակելի տներ և «Ռուսաստանի հարավի աերոնավիգացիա» մասնաճյուղի վարչական շենքը: Արդյունքում Ռուսաստանի հարավի 13 օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է․ չեն գործում Աստրախանի, Վլադիկավկազի, Վոլգոգրադի, Գելենջիկի, Գրոզնիի, Կրասնոդարի, Մախաչկալայի, Մագասի, Միներալնիե Վոդիի, Նալչիկի, Սոչիի, Ստավրոպոլի և Էլիստայի օդանավակայանները:
ՌԴ ՊՆ–ն Կիևի բնակիչներին և դիվանագետներին կրկին զգուշացրել է, որ նախապես լքեն քաղաքը
Հիշեցնենք` մայիսի 8-ից սկսվել է հրադադարը, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հաղթանակի օրվա տոնակատարության կապակցությամբ: Այն կտևի մինչև մայիսի 10-ը։ Այդ ընթացքում ռուսական կողմը հարվածներ չի հասցնի Ուկրաինայի զինված ուժերի տեղակայման վայրերին և ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված օբյեկտներին։
Մայիսի 7-ին Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին սպառնացել է հարվածել Մոսկվայի շքերթին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը զգուշացրել է, որ տոնակատարությունները խափանելու ցանկացած փորձ արձագանք կստանա, և զինվորականները կպատասխանեն Կիևի կենտրոնին հարվածելով: