Հայրենական մեծ պատերազմի քանի՞ վետերան է ապրում Հայաստանում

Հայրենական մեծ պատերազմի տարիներին Հայաստանից ռազմաճակատ է մեկնել 600 հազար մարդ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 27 վետերան է ապրում։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Մարշալ Բաղրամյանի անվան վետերանների միավորման փոխնախագահ Ելենա Շուվաևան։
Նրա խոսքով՝ առողջական վիճակի պատճառով ոչ բոլորը կկարողանան մասնակցել տոնական միջոցառումներին։
Հաղթանակի տոնի առթիվ կազմակերպությունը նախատեսում է մի շարք միջոցառումներ անցկացնել Երևանում։ Միավորման ներկայացուցիչները ծաղիկներ կխոնարհեն Հաղթանակի զբոսայգու Անմար կրակի մոտ, իսկ այնուհետև կմիանան «Անմահ գնդի» երթին։
«Այս տարի ավանդաբար կանցկացվի «Անմահ գունդ» ակցիան։ Երթի մասնակիցները ժամը 12:00-ին կհավաքվեն Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու մոտ և կքայլեն մինչև Հաղթանակի զբոսայգում գտնվող Անմար կրակ»,– ասաց Շուվաևան։
Հիշեցնենք, որ Հայաստանից ռազմաճակատ է մեկնել 600 հազար զինվոր, նրանցից 300 հազարը զոհվել են։ Հայաստանը տվել է Խորհրդային Միության 107 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և 1 ծովակալ։ Ընդհանուր առմամբ պատերազմին մասնակցել է Հայկական ԽՍՀ բնակչության 20%-ը։ Սա ամենաբարձր ցուցանիշներից մեկն է ոչ միայն Խորհրդային Միության հանրապետությունների, այլև Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից այլ երկրների շարքում: