ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն Արարատի մարզի Վեդի քաղաքում անչափահասների նկատմամբ սեռական բռնության գործի շրջանակում ՀՀ քննչական կոմիտեի և ՆԳՆ ոստիկանության պաշտոնյաների աշխատանքից ազատումը որակում է որպես Նիկոլ Փաշինյանի ինքնապաշտպանական բնազդ։ Այս մասին նա հայտարարեց խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել իրավապահ համակարգում բարձրաստիճան պաշտոնանյաների հրաժարականների մասին։
«Վեդու դեպքերը ցույց տվեցին, որ իրավապահ համակարգը միշտ չէ, որ ադեկվատ է։ Իրավապահ համակարգն ամբողջությամբ լծված է քաղաքական հետապնդումների ու կեղծ շինծու մեղադրանքներով հարյուրավոր քաղաքացիների մեղադրանքներ է առաջադրում։ Իսկ հիմա կա իրական քրեական դեպք, ու ամիսներով մատը մատին չեն տվել։ ԱԺ-ում նախօրեին գլխավոր դատախազը, քննչական կոմիտեի նախագահը քրտինքը ճակատներին փորձում էին համոզել, որ քննչական գործողություններ արվել են, արդարացնում էին իրենց համակարգը։ Մեկ էլ երեկոյան հայտնի դարձավ, որ պաշտոնյաները շխկալով ազատվել են աշխատանքից»,- ասաց Մանուկյանը։
Ընդգծեց՝ իրականում թերացել են իրավապահները, հանցավոր անփութություն են ցուցաբերել, բայց պաշտոններից այս ազատումներն իրականում Նիկոլ Փաշինյանի կամակորությունն են։ Պատգամավորը շեշտեց՝ հաճախ է լինում, երբ Փաշինյանը անհավասարակշիռ վիճակում «զոհեր» է պահանջում։
Մանուկյանի պնդմամբ՝ Փաշինյանը իրավապահներին պաշտոններից հեռացրել է՝ հասարակությունում էլեկտրականացած վիճակը մեղմելու համար։
Հիշեցնենք` փետրվարի սկզբին Վեդի քաղաքում անչափահասների նկատմամբ բռնության դեպք է տեղի ունեցել: Անառակաբարո գործողությունների մեջ կասկածվողները` Արթուր Երեմյանն ու Դավիթ Այնազյանը, Վեդիի բնակիչներ են, որոնցից մեկը 58 տարեկան է, մյուսը` 65։ Նրանք կալանավորված են։