ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. ՀՕՊ միջոցները գիշերվա ընթացքում Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են Ուկրաինայի զինված ուժերի 347 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից:
«Անցած գիշերվա ընթացքում` մայիսի 6-ի ժամը 21:00-ից մինչև մայիսի 7-ի ժամը 07:00-ն, ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի ուկրաինական 347 անօդաչու թռչող սարք` Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Կալուգայի, Կուրսկի, Լիպեցկի, Նովգորոդի, Օրյոլի, Պենզայի, Ռոստովի, Ռյազանի, Սմոլենսկի, Տամբովի, Տվերի, Տուլայի մարզերի, Մոսկվայի շրջանի, Կրասնոդարի երկրամասի, Ադիգեայի Հանրապետության, Կալմիկիայի Հանրապետության, Ղրիմի Հանրապետության տարածքներում, ինչպես նաև Ազովի, Կասպից և Սև ծովերի ջրատարածքներում»,-նշված է հաղորդագրության մեջ:
Տվերի մարզպետ Վիտալի Կորոլյովը հայտնել է, որ Ռժևում հարձակման հետևանքով տարհանվել է 350 մարդ, այդ թվում՝ 60 երեխա: Հինգ հարկանի շենքի տանիք է վնասվել, մասամբ կոտրվել են այդ ու ևս երկու հարակից շենքի պատուհանները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։