ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik․ Եթե Ադրբեջանի բանտերում գտնվող հայ քաղաքացիների պաշտպանությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մանդատի մեջ չի մտնում, ապա ո՞ւմ մանդատն է սա։ Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցում պատասխանել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։
Ինչպես հայտնել ենք, Ադրբեջանում 20 տարվա ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցի միջոցով հայտնել էր, որ զրուցել է Ադրբեջանի օմբուդսման Սաբինա Ալիևայի հետ, որն ասել է` Հայաստանի ՄԻՊ Անահիտ Մանասյանի հետ քննարկել է նրա՝ Բաքու այցելելու հնարավորությունը։ Ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել այցի կազմակերպմանը։ Ռուբեն Վարդանյանն ուղերձով դիմել էր Մանասյանին` խնդրելով դիտարկել նրա, իր կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի և մյուս հայ բանտարկյալների հարազատների այցը Բաքու։ Ավելի ուշ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հայտարարեց, որ Բաքու այցելելու պաշտոնական առաջարկ չի ստացել։ Միաժամանակ նաև հայտնեց, որ ՀՀ ՄԻՊ–ը պետության անունից չի կարող և չի վարում բանակցություններ, չի իրականացնում պետության արտաքին քաղաքականություն։
Ռուբեն Վարդանյանն իր հեռախոսազրույցում մի քանի հարց է բարձրացրել․
«Ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի ներկայացուցիչները կարող են Ադրբեջան մեկնել առևտրային, տնտեսական և այլ հարցեր քննարկելու նպատակով, բայց չեն կարողանում կազմակերպել այց հայ գերիների կյանքի, առողջության և իրավական կարգավիճակի հարցերով։
Ինչո՞ւ մինչ օրս բանտարկյալներին ամենաանհրաժեշտ իրերը փոխանցելու նորմալ մեխանիզմ կազմակերպված չէ։ Մի շարք անձինք արդեն ավելի քան մեկ տարի ոչինչ չեն ստանում։ Շատերը նորմալ հագուստ չունեն։
Այստեղ պահվողների շարքում կան տարեց՝ 70 տարեկանից բարձր տարիքի մարդիկ, առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ։ Եթե ատամ չունեցող մարդուն չորամիրգ են տալիս, դա օգնություն չէ։ Դա նվաստացում է։ Արդյոք այս ամենը հայտնի է վարչապետին:
Ամոթ չէ՞ ստանալ խաղաղության մրցանակ, խաղաղության մասին խոսել և ծափահարություններ ընդունել, երբ Հայաստանի քաղաքացիները շարունակում են Բաքվի բանտերում մնալ՝ առանց պատշաճ պաշտպանության, առանց սեփական պետության կողմից համակարգային աջակցության, օգնության ու վերահսկողության։
Վերջին վեց տարիների ընթացքում ի՞նչ է արվել։ Կամ էլ ազնվորեն խոստովանեք, որ այդպիսի պատասխանատու գոյություն չունի, և գերիների՝ իրենց պետությունից օգնություն ակնկալելնանիմաստ է:
Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ կան մարդիկ, որոնք Բաքվի բանտերում պահվում են արդեն վեց տարի։ Այս ընթացքում Հայաստանի կառավարությունն այդպես էլ չի կարողացել նրանց հետ կայուն և հասկանալի կապի մեխանիզմ ստեղծել՝ ո՛չ երրորդ կողմի` Բաքվում այլ պետությունների դեսպանատների, ո՛չ միջազգային կազմակերպությունների միջոցով։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: