Երևանում վթարի պատճառ դարձած 19-ամյա վարորդի նկատմամբ 2–ամսյա տնային կալանք է կիրառվել

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երիտասարդի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել քրեական օրենսգրքի 3 հոդվածներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik․ Երևանի Մյասնիկյան պողոտայում ավտոբուսին բախված ավտոմեքենայի վարոորդի` 19–ամյա Վարդան Մարկոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը՝ երկու ամիս ժամկետով: Այս մասին 1lurer.am-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:
Ավելի վաղ սոցցանցերում տեսանյութ էր տարածվել, որում 19-ամյա երիտասարդը Մյասնիկյան պողոտայում անկանոն վարում է իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան, վազանց է կատարում չթույլատրված հատվածներում ու բախվում ավտոբուսին։ Ամբողջ ընթացքը, այդ թվում` բուն ավտովթարի պահը, նկարում է նրա կողքին նստած ընկերը։ Դրանից հետո ևս մեկ տեսանյութ տարածվեց համացանցում, թե ինչպես է 19-ամյա վարորդը դիտում իր մասնակցությամբ վթարի տեսանյութն ու զվարճանում։
Հիշեցնենք՝ մայիսի 5–ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ 19-ամյա տղայի մասնակցությամբ վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել 2 հոդվածով։
ՀՀ գլխավոր դատախազությունից էլ մայիսի 6-ին հայտնել էին, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 3 հոդվածով, այդ թվում՝ խուլիգանության հոդվածի հատկանիշներով։