ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏ» ՓԲԸ–ն 4․3 մլրդ դրամի ներմուծվող սարքավորումների համար կստանա մաքսատուրքից ազատման 432 մլն դրամի արտոնություն։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Որոշման մեջ նշվում է, որ արտոնությունը տրվում է ընկերության` գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծման համար։
««ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մայրաքաղաքի բնակչության կանոնավոր տրանսպորտային սպասարկումն ապահովելու համար նախատեսվում է տրոլեյբուսային երթուղիների շահագործման աշխատանքների կազմակերպումը քաղաքային նշանակության նոր ներկրվող թվով 45 տրոլեյբուսներով»,– ասված է որոշման մեջ։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է ներկրել YUTONG BUS ZK6128BEVG մակնիշի՝ հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար հարմարեցված, 25+3 փափուկ նստատեղերի առկայությամբ և ոչ պակաս, քան 85 ուղևորի տեղափոխման հնարավորությամբ, ինքնավար վազքով, սրահի տաքացման և սառեցման համակարգով օժտված թվով 45 անռելս տրոլեյբուսներ, ինչը թույլ կտա քաղաքային տրանսպորտի թվով 5 երթուղիները համալրել նոր շարժակազմով և էականորեն ավելացնել վերգետնյա էլեկտրատրանսպորտի որակյալ ծառայություններից օգտվողների քանակը։
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է 4․3 մլրդ դրամի ներդրում անել տրոլեյբուսների ձեռքբերման համար։
Կառավարությունից նշում են, որ ներկայում առկա է 245 աշխատատեղ՝ 375 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել մինչև 280-ի՝ 391 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։
Ի դեպ, ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ–երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։