Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում «Ազատություն նախագիծ» առաքելության կասեցման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. Արխիվային լուսանկար
ԱՄՆ առաջնորդն իր որոշումը հիմնավորել է Իրանի հետ գործարքը վերջնականապես համաձայնեցնելու և ստորագրելու հնարավորությունը գնահատելու ձգտմամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցում նավերի ուղեկցման «Ազատություն նախագիծ» առաքելության կարճաժամկետ կասեցման մասին:
«Հիմնվելով Պակիստանի և այլ երկրների խնդրանքների վրա... ինչպես նաև այն փաստի վրա, որ զգալի առաջընթաց է գրանցվել Իրանի ներկայացուցիչների հետ լիակատար և վերջնական համաձայնագրին հասնելու ճանապարհին, մենք եկել ենք փոխադարձ համաձայնության այն մասին, որ քանի դեռ շրջափակումը լիակատար ուժի մեջ է մնում, «Ազատություն նախագիծ» առաքելության իրականացումը կկասեցվի կարճ ժամանակահատվածով՝ տեսնելու համար, թե արդյոք կհաջողվի վերջնականացնել և ստորագրել համաձայնագիրը»,-գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում:
Թրամփը մայիսի 3-ին ազդարարել էր «Ազատություն նախագիծ» գործողության մասին՝ նպատակ ունենալով օգնել Հորմուզի նեղուցում արգելափակված նավերին, որոնք ձգտում են դուրս գալ այնտեղից: Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահին դրանից հետո հայտարարել էր, որ Թեհրանը զգուշացնում է ԱՄՆ-ին չմոտենալ Հորմուզի նեղուցին և պատրաստ է հարձակվել ամերիկյան զինված ուժերի վրա: