ԱՄՆ–ում հավատում են, որ շուտով Իրանի հետ փաստաթուղթ կստորագրվի. ԶԼՄ

ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են կայանալ Ժնևում կամ Իսլամաբադում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Սպիտակ տանը կարծում են, որ ԱՄՆ-ն և Իրանը կարող են շուտով հակամարտության ավարտի մասին հուշագիր ստորագրել։ Այս մասին գրում է «Axios»–ը՝ հղում անելով ամերիկյան աղբյուրներին:
«Սպիտակ տունը համարում է, որ մոտ է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը, որն ուղղված կլինի պատերազմի դադարեցմանը և առավել մանրամասն բանակցությունների համար հիմքի ստեղծմանը»,- ասված է հրապարակման մեջ:
Աղբյուրների տեղեկություններով՝ չնայած դեռ ոչինչ ստորագրված չէ, բայց կողմերն այս պահին ավելի քան երբևէ մոտ են համաձայնության հասնելուն։
Ներկայիս տեսքով հուշագիրը ներառում է հակամարտության ավարտի մասին հայտարարություն և Թեհրանի միջուկային ծրագրի, ամերիկյան պատժամիջոցների չեղարկման ու Հորմուզի նեղուցի բացման հարցերի շուրջ 30-օրյա բանակցությունների մեկնարկ:
Լրատվամիջոցի աղբյուրները նշել են, որ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները կարող են կայանալ Ժնևում կամ Իսլամաբադում:
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 22-ին հայտարարեց, որ Պակիստանի խնդրանքով որոշել է երկարաձգել հրադադարը, բայց Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի։