Այս դատը հայ ժողովրդի և պետականության դեմ է. Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին

Դավիթ Իշխանյանը քաջալերանքի խոսքեր է հղել հայրենակիցներին՝ մաղթելով տոկունություն և միասնություն այս ծանր ժամանակներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի – Sputnik. Ադրբեջանում ապօրինի պահվող Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին։ Իշխանյանի խոսքը հաջորդում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի՝ ՀՀ ՄԻՊ-ին ուղղված այցելության խնդրանքին։
Նա ընդգծել է, որ միայն անձնական այցի դեպքում պաշտպանը հնարավորություն կունենա տեսնելու այն կոպտագույն խախտումները, որոնք տեղի են ունեցել թե՛ նախաքննության, թե՛ դատավարության ընթացքում։
«Ես չգիտեմ՝ հարգարժան պաշտպանը կունենա՞ այդ պատասխանատվությունը և վճռականությունը այցելելու, նաև մեզ տեսնելու։ Այդ դեպքում նա ավելի մանրամասն տեղեկություններ կունենա, թե ինչ լուրջ և կոպտագույն խախտումներով է ընթացել ամբողջ քննությունը և դատավարությունը՝ միջազգային իրավունքի և նույնիսկ Ադրբեջանի քրեական օրենսգրքի ընթացակարգերի խախտումներով»,- նշել է Իշխանյանը։
Իշխանյանը նաև հայտնել է, որ դատարանում իրեն թույլ չեն տվել ամբողջությամբ հնչեցնել վերջին խոսքը՝ ընդհատելով այն մոտ 40%-ի վրա։ Արցախի խորհրդարանի նախկին ղեկավարը շեշտել է, որ Բաքվում ընթացող գործընթացները չեն սահմանափակվում միայն այնտեղ գտնվող 15 անձանցով։
«Այս դատը բացված չէ 15 հոգու դեմ, այս դատը բացված է հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ հստակ նպատակներով և հեռահար ռազմավարությամբ։ Այդ մասին ես կասկածներ ունեցա քննության ընթացքում, իսկ դատապրոցեսի ընթացքում դա դարձավ իմ համոզմունքը։ Իմ ասած մտքերի և խոսքերի ճշմարտությունը ժամանակը ցույց կտա»,– շեշտել է Իշխանյանը։
Իշխանյանը տեղեկացրել է, որ նախօրեին իրենց այցելել է Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան, որին նա փոխանցել է դեռ մարտի 12-ից պատրաստած իր նամակը։ Իշխանյանը պատմել է, որ այդ նամակով նա խնդրել է դատավճռի ամբողջական տեքստը փոխանցել իր ընտանիքին, իսկ այժմ նա նույնաբովանդակ խնդրանքով դիմում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին.
«Ուզում եմ դիմել բանավոր ձևով, որպեսզի նա միջնորդի և Ադրբեջանի համապատասխան կառույցներից ստանա մեր մեղադրական ակտերի և դատավճռի ամբողջական տեքստերը՝ հայերեն և ադրբեջաներեն տարբերակներով, և փոխանցի իմ ընտանիքին ու հարազատներին»,– շարունակել է Դավիթ Իշխանյանը։
Իր խոսքի վերջում Դավիթ Իշխանյանը քաջալերանքի խոսքեր է հղել հայրենակիցներին՝ մաղթելով տոկունություն և միասնություն այս ծանր ժամանակներում։
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել:
Հիշեցնենք` պաշտոնական տվյալներով` Ադրբեջանում 19 հայ գերի կա։ Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը», որը Բաքվում սկսվել էր 2025 թվականի հունվարին, ավարտվեց այս տարվա փետրվարի 5–ին, և հրապարակվեցին դատավճիռները` ցմահ ազատազրկման դատապարտվեցին Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվեցին 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Ապրիլի 28-ին հայտնի դարձավ, որ նրան այլ հայ գերիների հետ տեղափոխել են Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր: