Այդ ի՞նչ բենզինային մաֆիա է, որի մասին խոսում էր Փաշինյանը. Խաչատրյանի հարցը Վարդապետյանին

Տարիներ շարունակ Հայաստան նավթամթերքի ներկրման զգալի մասը բաժին է ընկել երկու խոշոր ընկերությունների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հրաժարվեց նշել կոնկրետ անուններ, թե ում նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ ասում էր, թե Հայաստանում բենզինային մաֆիա այլևս չկա։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Վարդապետյանին հարցրեց` տվյալներ կա՞ն «բենզինային մաֆիայի» մասին, որի մասին Փաշինյանը խոսել էր ապրիլի 15–ին։ Վարչապետը հայտարարել էր, թե Ադրբեջանի տարածքով (Ռուսաստանից) նավթամթերքի մատակարարումների մեկնարկը վերջ դրեց բազմամյա բենզինային մաֆիային, որը գործում էր ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ սահմաններից դուրս:
«Կուզենայի հասկանալ՝ այդ մաֆիայի դեմ հարուցվա՞ծ են քրեական գործեր, որպեսզի պարզ լինի, թե ինչի վրա են հիմնված Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները»,– նշեց Խաչատրյանը:
ՀՀ գլխավոր դատախազը, որը ԱԺ–ում ներկայացնում էր իր ղեկավարած գերատեսչության` 2025 թվականի հաշվետվությունը, հայտարարեց, որ կինոսցենարի ոգով պարզեցված պատասխան տալ հնարավոր չէ։
«Դուք փորձում եք ինձ հրահրել անուններ հնչեցնելու, սակայն դրանք հայտնի են և պարբերաբար հրապարակվում են։ Վարույթում են գտնվում քրեական գործեր, որոնցում առկա են նախկին պաշտոնատար անձինք և նրանց հարազատները, որոնք օտարերկրյա հանցակիցների մասնակցությամբ գումար են դուրս բերել Հայաստանից»,– ասաց Վարդապետյանը։
Նշենք, որ տարիներ շարունակ Հայաստան նավթամթերքի ներկրման զգալի մասը բաժին է ընկել երկու խոշոր ընկերությունների՝ «ՖԼԵՇ»–ին և CPS–ին։
Եթե ադրբեջանական բենզինը չլիներ, մեզ մոտ գները մի քանի հարյուր դրամով թանկ կլինեին․ Պապոյան