ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի և Եվրախորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի հետ համատեղ ասուլիսի ժամանակ խուսափեց ուղիղ պատասխանել այն հարցին, թե արդյոք Հայաստանը պաշտոնապես կդիմի՞ ԵՄ և դուրս կգա՞ ԵԱՏՄ-ից։
Bloomberg պարբերականի լրագրողը հարց ուղղեց Փաշինյանին, թե արդյոք վերընտրվելու դեպքում Հայաստանը պատրա՞ստ է պաշտոնապես դիմել Եվրամիությանն անդամակցության համար և դուրս գալ ԵԱՏՄ-ից։
«․․․Հայաստան-Եվրամիության հարաբերությունների տեսակետից ահռելի պոտենցիալ կա, ես համոզված եմ, որ մենք շատ լուրջ, ռազմավարական նշանակություն նախագծեր ենք իրականացնելու։ Այսօր առիթ ունեցել ենք այդ նախագծերի հայեցակարգը քննարկել և արձանագրել, որ մենք ունենք ընդհանուր ըմբռնում և պետք է շարժվենք հենց այդ ուղղությամբ»,- ի պատասխան ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` ապրիլի 1-ին Մոսկվայում կայացել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցությունները: Հանդիպման ընթացքում Պուտինը հայտարարել է` Մոսկվան տեսնում է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ քննարկումներ անցկացնում, բայց Մոսկվան դրան հանգիստ է վերաբերվում: Միևնույն ժամանակ, ՌԴ ղեկավարը բաց տեքստով ասել է, որ Երևանի չի կարող միաժամանակ գտնվել ԵՄ-ում և ԵԱՏՄ-ում: Իր հերթին Փաշինյանը նշել է` Երևանը գիտի, որ ԵԱՏՄ–ում գտնվելն անհամատեղելի է ԵՄ անդամակցության հետ, բայց առայժմ այդ գործընթացները չեն հասել այն կետին, երբ պետք է ընտրություն կատարել: