ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի – Sputnik. Հայաստանը հույս ունի Եվրոպական միության աջակցությունը ստանալ սոցցանցերում ապատեղեկատվության և ատելության տարածման դեմ պայքարում։ Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ հանդիպման ժամանակ:
Ըստ Փաշինյանի՝ բարեփոխումները շարունակելու համար Հայաստանին անհրաժեշտ է փորձագիտական, ինստիտուցիոնալ աջակցություն, և ԵՄ-ի հետ համագործակցությունն այս առումով շատ կարևոր է:
«Ես կարող եմ շնորհակալություն հայտնել մեր եվրոպացի գործընկերներին աջակցության համար՝ դատական իշխանության անկախության ապահովման հարցերից մինչև հիբրիդային սպառնալիքներին դիմակայելուն առնչվող հարցերը, ինչը մեր օրակարգի թեման է»,-ասել է Փաշինյանը:
Նա նշել է, որ ԵՄ-ում քննարկումների ընթացքում մի քանի անգամ արձանագրել է, որ սոցցանցերում և երբեմն ԶԼՄ-ներում ապատեղեկատվության, ատելության հռետորաբանության տարածումը խնդիր է նաև Եվրոպական միության շատ երկրների համար:
«Մենք այսօր բախվում ենք այդ խնդրին և իհարկե հույս ունենք, որ այստեղ ևս Եվրոպական միությունը մեզ աջակցություն կցուցաբերի փորձի փոխանակման առումով, կամ Հայաստանում կիրառելու համար ԵՄ-ում արդեն իսկ ներդրված գործիքների բովանդակությունն առավել հասանելի դարձնելով»,-ասել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Երևանում է Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։ Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել մոտ 50 բարձրաստիճան պատվիրակություն, այդ թվում` Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Երևանում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Առաջին անգամ Հայաստան է այցելել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նշենք, որ Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»:
Հվելենք, որ Հայաստանում այսօր մեկնարկում է Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը: