Սա Փաշինյանի հաղթանակը չէ, ՀՀ–ԵՄ ինստիտուցիոնալ կապերը դրվել են դրանից առաջ․ Աշոտյան

Արմեն Աշոտյանի պնդմամբ՝ ԵՄ-ի հետ Հայաստանի մերձեցման առանցքային փուլը Բրյուսելում համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) ստորագրումն էր, որը եղել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Հայաստանի Հանրապետության ինստիտուցիոնալ կապերը Եվրոպական միության հետ դրվել են երկրի ներկայիս իշխանության ղեկավարումից առաջ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչով հավաքի ժամանակ մեկնաբանելով Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովի անցկացումը Երևանում։
«Այս առումով գործող իշխանության փորձերը՝ Հայաստանում ընթացող իրադարձությունները ներկայացնել որպես արտաքին քաղաքական հաղթանակ, առնվազն իրականության խեղաթյուրում են։ Այս գագաթնաժողովը ՀՀ-ի աշխարհաքաղաքական մահվան, ՀՀ-ի ռեգիոնալ ոչնչացման հերթական արարի վերածված միջոցառում է։ ՀՀ-ն ԵՄ-ի հետ ուներ և ունի ինստիտուցիոնալ կապ, ու դա Սերժ Սարգսյանի կառավարության շնորհքն է, ու 2017 թվականի նոյեմբերին ստորագրված CEPA-ն «նիկոլական» պրոպագանդայի համար մնում է խեղաթյուրված եվրոպական արժեքների, ձախողված ռեֆորմների ամենալուռ և միաժամանակ կարևոր վկան»,- ասաց Աշոտյանը։
Նրա կարծիքով՝ համաձայնագիրը պետք է հիմք հանդիսանար Հայաստանը եվրոպական չափանիշներին մոտեցնելու համար, սակայն այդ գործընթացն արդյունք չի ունեցել։
Աշոտյանի գնահատմամբ՝ Փաշինյանի գործունեությունը 2018 թվականից ի վեր ցույց է տալիս եվրոպական բոլոր արժեքների ոչնչացումը։ Նա ընդգծել է, որ ԵՄ ոչ մի երկիր մեկ ժամ անգամ չէր հանդուրժի այնպիսի իշխանություն, ինչպիսին այսօր Հայաստանում է։
«Մեր հանրահավաքը ոչ թե Եվրոպայի դեմ է, այլ հանուն արդարության»,- շեշտեց նա:
Հիշեցնենք` մայիսի 4-ին Երևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը:
Sputnik Արմենիան այդպես էլ հավատարմագրում չստացավ ԵՔՀ գագաթնաժողովին, թեև պաշտոնական մերժում, ինչպես նաև թույլտվություն չտալու պատճառ ևս չկար։ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»: