ՌԴ ՊՆ-ն մայիսի 8-ին և 9-ին ուկրաինական կողմի հետ հրադադար է հայտարարել

Եթե Ուկրաինան փորձի խափանել Հաղթանակի օրվա տոնակատարությունները, ՌԴ ԶՈւ–ն կհարվածի Կիևի կենտրոնին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Մայիսի 8–ին և 9–ին կհայտարարվի հրադադար՝ Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի հաղթանակի առիթով։ ՌԻԱ Նովոստիի փոխացմամբ` այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։
«Ակնկալում ենք, որ ուկրաինական կողմը կհետևի այդ օրինակին»,– նշել են գերատեսչությունից:
Միևնույն ժամանակ, ՌԴ ՊՆ–ն, նկատի ունենալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու սպառնալիքները, թե կհարվածեն Մոսկվային հենց մայիսի 9–ին, ընդգծել է, որ ռուս զինվորականները տոնակատարությունների ժամանակ կձեռնարկեն անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները և այդ դեպքում պատասխան զանգվածային հրթիռային հարված կհասցնեն Կիևի կենտրոնին:
Ի դեպ, ՌԴ ՊՆ–ն խաղաղ բնակչությանն ու օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին նախազգուշացրել է քաղաքը ժամանակին լքելու անհրաժեշտության մասին:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։