ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը երեկ երեկոյան ոչ միայն զբոսնել են Երևանի կենտրոնում՝ Հանրապետության հրապարակի մոտ, այլև ոչ պաշտոնական զրույց են ունեցել:
Փաշինյանի և Մակրոնի զրույցի մանրամասները ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը չի ներկայացրել, սակայն Ֆրանսիայի նախագահի պետական այցի շրջանակում տեղի կունենան նաև պաշտոնական հանդիպումներ:
Զրույցից հետո ՀՀ վարչապետը Ֆրանսիայի նախագահին ուղեկցել է մինչև «Մարիոթ» հյուրանոց: Հատկանշական է, որ երեկոյան զբոսանքի ժամանակ նրանք հանդիպել են Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինին։
Հիշեցնենք` Երևանում մայիսի 4-ին կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը։ Դրան կհաջորդի Հայաստան–Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա մայիսի 5–ին։