Պահանջում ենք մեր զավակներին․ անհետ կորածների հարազատները դիմում են ԵՄ պաշտոնյաներին

Անհետ կորածների հարազատները ստիպված են դիմում միջազգային կառույցներին, որպեսզի գոնե նրանք ինչ-որ կերպ միջամտեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Արցախյան պատերազմներում անհետ կորած զինծառայողների հարազատները հուսով են, որ իրենց որդիներին գտնելու հարցում կօգնեն ԵՄ պաշտոնյաները։ Նրանք բողոքի ցույց են անում Կիևյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում` Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտ (այս համալիրում է անցկացվում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը)։
«Մեր երեխաներին ենք արդեն 6 տարի սպասում ու պայքարում ենք։ Բոլոր պատկան մարմինների դռները ծեծել ենք։ Ամեն ինչ անարդյունք է։ Պետությունը չի հետաքրքրվում իր երկրի երեխաների ճակատագրով, այն երեխաների, որոնց արյան գնով իրենք ձեռք են բերել խաղաղություն կոչվածը։ Այդ երեխաների շնորհիվ է, որ իրենք (ՀՀ իշխանությունները. խմբ․) երջանիկ ապրում են, կարողանում են իրենց զավակներին էլ կարողանում են երջանկացնել»,- ասաց 2020 թվականին անհետ կորած պայմանագրային զինծառայողներից մեկի մայրը։
Նա ընդգծեց՝ իրենք յուրաքանչյուր փրփուրից բռնվում են, քանի որ որևէ մեկն իրենց չի օգնում, այդ պատճառով էլ ստիպված իրենք իրենց ձևով են մոտենում հարցին։ Նրա խոսքով` քանի որ ՀՀ իշխանություններից որևէ ակնկալիք չունեն, ստիպված են դիմել միջազգային կառույցներին, որպեսզի գոնե նրանք ինչ-որ կերպ միջամտեն, հասկանան, թե ինչ իրավիճակում են ծնողները և օգնեն իրենց։
Մեկ այլ ծնող էլ նշեց, որ ճշմարտության բացահայտում են պահանջում։
«Մենք պահանջում ենք մեր զավակներին, ինչպես նաև ճշմարտության բացահայտում։ Մենք նամակներ ենք պատրաստել, ցանկանում ենք` ինչ-որ միջոց լինի, որպեսզի կարողանանք փոխանցել դրանք»,- ասաց կինը։
2023 թվականին լայնածավալ ռազմական գործողությունների ժամանակ անհետ կորած համարվող զինվորականներից մեկի կինն էլ ընդգծեց՝ հենց առաջին օրվանից ամուսինը դիրքերում է եղել, բայց սեպտեմբերի 19-ից գրեթե տեղեկություն չունի նրա մասին։ Միայն իմացել է, որ ամուսինը գերի է, ողջ է, սակայն պաշտոնապես հաստատել չի ստացվում։ Նրա խոսքով՝ այդ տարվա անհետ կորածների թիվը քիչ է, ու հնարավոր էր հեշտությամբ տեղեկություններ ունենալ, բայց ՀՀ իշխանությունները դրա համար որևէ քայլ չեն արել և անում։
Անհետ կորածների հարազատներն իրենց ձեռքերում պահում են «Դրսից ողջ եմ, ներսից՝ մահացած, սպասում եմ որդուս», «Հարգե՛ք մեր իմանալու իրավունքը» և այլ գրառումներով հայերեն և անգլերեն պաստառներ։
«Բարի գալուստ ժողովրդավարության հոգեհանգստին»․ արցախցիները բողոքի ցույց են անում Երևանում