Մակրոնը Երևանում մեկնաբանեց Գերմանիայից ամերիկյան զորքի մի մասը դուրս բերելու որոշումը

Գերմանիայի կանցլերն ավելի վաղ հայտարարել էր, թե խոսքն այն ստորաբաժանումների մասին է, որոնք ժամանակավոր հիմունքներով տեղակայվել էին Բայդենի օրոք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումներն ու զորքերի դուրսբերումն ուղերձ են եվրոպական համայնքի համար։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
«Մենք ամրապնդում են մեր անվտանգությունն ու պաշտպանությունը։ Թրամփի որոշումներն ու զորքերի դուրսբերումն ուղերձ են մեզ համար։ Մենք պետք է սեփական պաշտպանական լուծումներ գտնենք»,- ասաց Մակրոնը։
Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ ԱՄՆ-ն առաջիկա 6-12 ամիսների ընթացքում Գերմանիայից դուրս կբերի 5 հազար ամերիկացի զինծառայողի: Ավելի ուշ ԱՄն նախագահ Թրամփը հայտարարեց, որ Գերմանիայում ամերիկյան զորակազմը կկրճատվի ավելի քան 5 հազարով։
Մայիսի 3-ին էլ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարեց, որ ԱՄՆ-ի կողմից իր զորակազմի մի մասի դուրսբերումը կապ չունի Իրանի շուրջ տարաձայնությունների հետ: Նա նշեց, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք ամերիկյան զորքերը Գերմանիայում զուտ ժամանակավոր էին տեղակայվել, և զորքերը դուրս բերելու հարցի շուրջ վաղուց են բանակցում։
Հակամարտության կայուն լուծում կարող է լինել միայն Հորմուզի ամբողջական բացումը. Մակրոն
Հիշեցնենք` Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն անցկացվում է Երևանում մայիսի 4-ին:
Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»: