Հակամարտության կայուն լուծում կարող է լինել միայն Հորմուզի ամբողջական բացումը. Մակրոն

Մակրոնը կրկնեց Փարիզի դիրքորոշումն այն մասին, որ Ֆրանսիան չի մասնակցի որևէ ուժային գործողության։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կայուն լուծում կարող է լինել միայն Հորմուզի նեղուցի ամբողջական բացումը։ Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի մեկնարկից առաջ լրագրողներին հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նա հավելեց, որ նեղուցի վերաբացումը պետք է տեղի ունենա առանց նավագնացության սահմանափակումների և նավերից վճարների գանձումների։
Ֆրանսիայի նախագահը նշեց, որ նախ ԱՄՆ-ն հայտարարեց Իրանի հետ հրադադարի, ապա Հորմուզի նեղուցի շրջափակման մասին։
«Եթե հիմա ուզում են նորից բացել, շատ լավ է։ Այդ մասին մենք ամենասկզբից ասել ենք»,-ասաց Ֆրանսիայի նախագահը՝ նշելով, որ այսպես թե այնպես Ֆրանսիան չի մասնակցի Մերձավոր Արևելքում որևէ ուժային գործողության։
Միաժամանակ նա ընդգծեց, որ շատ կարևոր է հրադադարի պահպանումը նաև Լիբանանում, որտեղ վերջին երկու օրերին Իսրայելի կողմից վերսկսվել են հարվածները։
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ ազդարարել է «Ազատություն» գործողության մասին՝ Հորմուզի նեղուցում արգելափակված նավերը դուրս բերելու համար:
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Իբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Թեհրանը Հորմուզի նեղուցով նավերի անցմանը ԱՄՆ-ի ցանկացած միջամտություն կհամարի հրադադարի խախտում։
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն անցկացվում է Երևանում մայիսի 4-ին: Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»: