ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Հայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիր։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ Երկու երկրների ղեկավարների` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հանդիպումը կայացել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում։
Փաշինյանը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են բարձր քաղաքական երկխոսության մակարդակի վրա, և այսօր այն արձանագրվելու է հարաբերությունները ռազմավարական երկխոսության մակարդակի բարձրացմամբ:
«ՀՀ ղեկավարն ընդգծել է Հայաստանի և Խորվաթիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մեծ ներուժը և վստահություն հայտնել, որ այն կշարունակի զարգանալ ու ընդլայնվել»,– ասված է հաղորդագրությունում։
Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչն էլ, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և գագաթնաժողովը հյուրընկալելու համար, վստահություն է հայտնել, որ ստորագրված փաստաթուղթն ու կայացած քննարկումները նոր թափ կհաղորդեն բազմաոլորտ փոխգործակցությանը։ Զրուցակիցները քննարկել են հայ–խորվաթական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարածաշրջանային նշանակության տարբեր թեմաների։
Հիշեցնենք` Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»: