Երևանում քննարկվում է Հարավային Կովկասը Վրաստանով Եվրոպայի հետ կապելու հարցը. Կոբախիձե

Իր ելույթում կառավարության ղեկավարը շեշտը դրել է տարածաշրջանային կապերի ապահովման գործում Վրաստանի հատուկ դերի վրա և խոսել խոշոր ենթակառուցվածքային նախագծերի մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի - Sputnik. Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում քննարկվել է Վրաստանի միջոցով Հարավային Կովկասի տարածաշրջանի և Եվրոպայի կապերի հարցերը: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ միջոցառման շրջանակում վրացական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
«Մենք ապահովում ենք 7 երկրների կապը Սև ծովի և Արևմուտքի հետ։ Այս թեման արծարծվելու է քննարկումների և կլոր սեղանների ընթացքում, քանի որ Վրաստանը, որպես Եվրոպայի համար տարանցիկ օղակ, կարևոր դեր է խաղում», - նշել է նա։
Կոբախիձեն մասնակցել է «Կապակցման ամրապնդումը և տնտեսական անվտանգությունը» կլոր սեղանին, որի ընթացքում կարևորել է տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ինտեգրման ապահովման հարցում Վրաստանի դերը, ինչպես նաև ներկայացրել է իրականացվող ենթակառուցվածքային նախագծերը։
Դրանց թվում Բաքու–Թբիլիսի-Կարս երկաթուղին է, արագընթաց ավտոմայրուղիների զարգացումը և խորաջուր Անակլիա նավահանգստի նախագիծը։ Վարչապետը նաև կարևորել է տրանսպորտային և էներգետիկ երթուղիների դիվերսիֆիկացումը՝ առանձնացնելով Հարավային գազային միջանցքի և Սև ծովի հատակով ստորջրյա մալուխի նախագծերը:
Հայաստանն ու Խորվաթիան ռազմավարական երկխոսության հռչակագիր են ստորագրել
Նրա խոսքով՝ կապակցման զարգացումը մնում է երկարաժամկետ կայունության առանցքային պայման, և Վրաստանը պատրաստ է միջազգային գործընկերների հետ հետագա համագործակցության:
Գագաթնաժողովի շրջանակներում Կոբախիձեն նաև կարճատև հանդիպում է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
Մայիսի 4-ին Երևանում ընթանում է Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը, որին մասնակցում են եվրոպական գրեթե բոլոր պետությունների առաջին դեմքերը (նախագահները կամ վարչապետները):
Sputnik Արմենիան ԵՔՀ գագաթնաժողովի հավատարմագրում այդպես էլ չստացավ, թեև պաշտոնական մերժում նույնպես չի եղել և թույլտվություն չտալու պատճառ չի նշվել։ ՀՀ ԱԳՆ-ից մեզ պատասխանեցին, որ մենք «համակարգում չկանք»: