ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգները Հորմուզի նեղուցով նավերի անցումն ապահովելու «Ազատություն» գործողության շրջանակում կներգրավի էսկադրային ականակիրներ, ինքնաթիռներ և 15 հազար զինվորական։ Այս մասին հայտնել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
««Ազատություն» նախագծին ԱՄՆ ռազմական աջակցությունը կներառի կառավարվող հրթիռային զենքով էսկադրային ականակիրներ, ցամաքային և ծովային բազավորման ավելի քան 100 ավիացիոն միջոց, բազմաֆունկցիոնալ անօդաչու հարթակներ և 15 000 զինծառայող»,-ասված է CENTCOM-ի հայտարարության մեջ:
Գործողությունը կղեկավարեն Պետդեպարտամենտը և ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը՝ Նավագնացության ազատության ծովային կոալիցիայի (Maritime Freedom Construct, MFC) շրջանակներում:
Հիշեցնենք` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկ ազդարարել է «Ազատություն» գործողության մասին՝ Հորմուզի նեղուցում արգելափակված նավերը դուրս բերելու համար:
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Իբրահիմ Ազիզին հայտարարել է, որ Թեհրանը Հորմուզի նեղուցով նավերի անցմանը ԱՄՆ-ի ցանկացած միջամտություն կհամարի հրադադարի խախտում։