Թրամփը խոստացել է առաջիկայում դիտարկել Իրանի ներկայացրած խաղաղության ծրագիրը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը . Արխիվային լուսանկար
Միաժամանակ Թրամփը չի բացառել Իրանին կրկին հարվածելու հնարավորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկայումկքննարկի Իրանի ուղարկած ծրագիրը և նշել, որ այն դժվար թե ընդունելի լինի:
«Շուտով ես կքննարկեմ այն ծրագիրը, որը Իրանն ուղարկել է մեզ, բայց չեմ կարող պատկերացնել, որ այն ընդունելի կլինի, քանի որ նրանք դեռ բավականաչափ բարձր գին չեն վճարել այն բանի համար, ինչ արել են մարդկության և աշխարհի հետ վերջին 47 տարիների ընթացքում», – գրել է ԱՄՆ առաջնորդը «Truth Social» սոցցանցում:
ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտության խաղաղ կարգավորման իրանական ծրագիրը բաղկացած է 14 կետից և ներառում է Թեհրանին փոխհատուցումների վճարումը, ինչպես նաև ամերիկյան զինված ուժերի հեռացումը «իրանական ծայրամասից»:
Թեհրանի հիմնական պահանջների թվում են նաև երաշխիքները, որ ռազմական ագրեսիան չի կրկնվի, Հորմուզի նեղուցի շրջափակման դադարեցումը և այնտեղ նավագնացության «նոր մեխանիզմի» ստեղծումը: Բացի այդ, Իրանը պահանջում է ապասառեցնել իր ակտիվներն արտասահմանում և վերացնել պատժամիջոցները։
Մայիսի 1–ին հայտնի դարձավ, որ Իրանը նոր առաջարկի տեքստ է փոխանցել Պակիստանին՝ ԱՄՆ-ի հետ երկարաժամկետ զինադադարը քննարկելու համար։
Վաշինգտոնն ու Թեհրանն ապրիլի 8-ին երկու շաբաթով հրադադար են հայտարարել։ Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն արդյունք չեն տվել, ընդ որում ռազմական գործողությունների վերսկսման մասին չի հաղորդվել, սակայն ԱՄՆ-ն սկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը: Միջնորդները փորձում են կազմակերպել բանակցությունների նոր փուլ։