Ողբերգական վթար Տավուշում. 14-ամյա աղջիկը մահացել է

Մեքենայում 4 անձ է եղել, բոլորը նույն ընտանիքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik․ Տավուշի մարզում` Թեղուտ-Հաղարծին ճանապարհին, «Hyundai Fit» ավտոմեքենան մոտ 30 մետր բարձրությունից ընկել և հայտնվել է գլխավոր ճանապարհին։ Այս մասին գրում է shamshyan.com–ը` նշելով, որ ընտանիքի վիրավոր 4 անդամներից մեկը` 14-ամյա Նարե Թ․-ն, մահացել է։
Վթարը տեղի է ունեցել ժամը 19։05-ի սահմաններում։ Կայքի փոխանցմամբ` վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև Դիլիջան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
«Վթարի հետևանքով 38-ամյա Ալմարա Ա․-ն, 12-ամյա Նարեկ Թ․-ն, 3-ամյա Սերգո Թ․-ն և 14-ամյա Նարե Թ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին Նարե Թ․-ն, գիտակցության չգալով, մահացել է։ Վիրավորներից Ալմարա Ա․-ն ռեանիմոբիլով տեղափոխվում է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը»,– գրել է կայքը։
Վթարի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ վիրավորներն ու մահացածը ընտանիքի անդամներ են և բնակվում են Հաղարծինում։