ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. ՀՀ-ում վերջին տարիներին ստեղծված աշխատատեղերի ու պետական աջակցությունների շնորհիվ ՀՀ-ում ծայրահեղ աղքատությունը վերացման շեմին է, իսկ ձեռք բերված աշխատանքն ավելի արդյունավետ և եկամտաբեր դարձնելու միակ ճանապարհը կրթվելն ու զարգանալն է։ Այս մասին ասված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Աշխատանքի և աշխատավորների օրվան նվիրված ուղերձում։
«Ցանկացած աշխատանք արժանի է հարգանքի։ Աշխատանքը կարող է արդյունք բերել, եթե այն հիմնված է կրթության, գիտելիքի, մասնագիտական հմտություններն անընդհատ զարգացնելու և հղկելու, ավելին իմանալու և իմացածն իրացնելու, տնտեսականացնելու աննահանջ ձգտման վրա։ Ժամանակակից իրողությունները ստիպում են այս ամենին ավելացնել նաև վերամասնագիտացումը, որովհետև օրեցօր զարգացող արհեստական բանականությունն էականորեն փոխելու է աշխատանքի շուկան»,- իր ուղերձում ասել է Փաշինյանը։
Նա կրկին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ում աշխատող, արդյունք ստեղծող, ինչպես նաև հարկերը և տուրքերը վճարող բոլոր մարդկանց։ Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում վերջին տարիներին աշխատանքի ոլորտում լուրջ հաջողություններ են գրանցվել։
Նշում է՝ 2018 թվականից ի վեր ՀՀ-ում 280 000 աշխատատեղ է ստեղծվել։ Փաշինյանի պնդմամբ՝ այդ նույն ժամանակահատվածում ՀՀ-ն բարձր տնտեսական աճ է ապահովել և արձանագրված ցուցանիշները բարձր են եղել թե՛ աշխարհի, թե՛ Եվրասիական տնտեսական միության միջինից։ 2017 թվականի համեմատ ՀՀ տնտեսությունը 53․9 %-ով աճել է, պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են։
Փաշինյանն ընդգծել է՝ աջակցության տարբեր ծրագրերով 2018 թվականից ի վեր կառավարությունը քաղաքացիներին և ընկերություններին է վերադարձրել շուրջ 1,4 տրլն դրամ։
«Աշխատանքին աջակցելու այս ծրագրերը նաև սոցիալական մեծ էֆեկտ են բերել․ մեր երկրում ծայրահեղ աղքատությունն, ըստ էության, վերացման շեմին է և համոզված եմ՝ դրա վերացումը շատ շուտով կարձանագրվի պաշտոնապես։ Մենք պլանավորում ենք առաջիկա տարիներին շարունակել այս ընթացքը, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նորանոր հնարավորություններ է բացում ներդրումների, գործարարության, տնտեսական գործունեության և կրթության համար»,- իր ուղերձում ասել է վարչապետը։
Փաշինյանի կարծիքով՝ ՀՀ-ն ծաղկում է և ավելի լավ պետություն է դարձել թե՛ աշխատանքի, թե՛ կրթության, թե՛ հանգստի, թե՛ ապրելու համար։