ՀՀ–ում բոլորը պետք է ստանան արդար վարձատրություն․ Խաչատուրյանը և Սիմոնյանը ուղերձ են հղել

ՀՀ նախագան ու ԱԺ նախագահն իրենց ուղերձներում ընդգծել են աշխատանքի կարևորությունը` շեշտելով, որ աշխատանքն է բարեկեցիկ կյանք ունենալու միակ բանալին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik․ Հայաստանը պետք է շարունակի հետևողական քայլեր անել, որպեսզի երկրում ապրող յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունենա իրացնելու իր մասնագիտական կարողությունները և ստանա արդար վարձատրություն։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրվա առթիվ։
«Որպես պետություն՝ մեր առաջնահերթություններից է աշխատանքային իրավունքների պաշտպանությունը և արժանապատիվ աշխատանքի համար անհրաժեշտ պայմանների ապահովումը»,-նշել է ՀՀ նախագահը։
Նա ընդգծել է, որ հայ ժողովրդի աշխատասիրությունն ու ստեղծագործական ներուժը պատմականորեն եղել են երկրի գոյատևման և առաջընթացի գլխավոր երաշխիքը։
«Այսօր էլ, մարտահրավերներով լի ժամանակաշրջանում, հետևողական աշխատանքի շնորհիվ ենք ստեղծում նոր արժեքներ և ամրապնդում մեր երկրի տնտեսական հիմքերը»,-նշել է նա։
Խաչատուրյանն իր երախտագիտությունն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ամենօրյա նվիրումով կատարում են իրենց պարտքը՝ նպաստելով երկրի զարգացմանը։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ևս ուղերձ է հղել Մայիսի 1-ի առթիվ` ընդգծելով, որ աշխատանքն է բարեկեցիկ կյանք ունենալու միակ բանալին:
«Աշխատանքը ոչ միայն յուրաքանչյուրիս համար անձնական կարիքների ապահովման կենսական անհրաժեշտություն է, այլ նաև հասարակության առաջընթացի և բարեկեցության հիմքը: Աշխատում է քաղաքացին՝ զարգանում է տնտեսությունը՝ ապահովելով պետության առաջընթացը»,-նշել է նա:
Հիշեցնենք, որ աշխարհի ավելի քան հարյուր պետություններում մայիսի 1–ը նշվում է որպես Աշխատավորների համերաշխության միջազգային օր: Պատմության մեջ մայիսի 1–ը մտել է 1884 թ., երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա: Խորհրդային Միությունում մայիսի 1–ը նշվում էր որպես մեծ տոն` ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էին գրեթե բոլորը: Սովետական Հայաստանում այս տոնը սկսվեց նշվել 1919 թ.: «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում այս օրը ամրագրված է որպես Աշխատանքի օր, և այն ոչ աշխատանքային է: