ՀՀ-ում աշխատանքային իրավունքների ապահովման ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան․ ՄԻՊ-ի ուղերձը

Անահիտ Մանասյանն իր ուղերձում շեշտել է, որ պետության առանցքային պարտավորությունն է ձևավորել այնպիսի աշխատանքային միջավայր, որտեղ կապահովվեն հավասարությունը, անվտանգությունն ու արժանապատվությունը, և յուրաքանչյուր անձ կունենա իր ներուժը լիարժեք իրացնելու հնարավորություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Հայաստանում աշխատանքային իրավունքների ապահովման ոլորտում շարունակում են առկա մնալ բազմաթիվ համակարգային խնդիրներ։ Այս մասին Աշխատանքի և աշխատավորների օրվա առթիվ հղած իր ուղերձում նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Մանասյանի խոսքով՝ ոլորտում ուսումնասիրությունները և ստացվող բողոքները ցույց են տալիս, որ առանձնահատուկ ուշադրության կարիք ունեն անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների ապահովումը, հանգստի իրավունքի լիարժեք իրացումը, ինչպես նաև արդար և համարժեք վարձատրության երաշխավորումը, այդ թվում՝ արտաժամյա աշխատանքի դիմաց։
Աշխատաշուկայում հավասար հնարավորությունների ապահովման հետ կապված ևս խնդիրներ կան։
«Առանձնահատուկ ուշադրություն է պահանջում նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար ներառական և մատչելի աշխատանքային միջավայրի ապահովումը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության երաշխավորման ուղղությամբ պատշաճ քայլերի ձեռնարկումը»,-նշել է Մանասյանը։
Նա շեշտել է, որ պետության առանցքային պարտավորությունն է ձևավորել այնպիսի աշխատանքային միջավայր, որտեղ կապահովվեն հավասարությունը, անվտանգությունն ու արժանապատվությունը, և յուրաքանչյուր անձ կունենա իր ներուժը լիարժեք իրացնելու հնարավորություն։
Առաջնահերթ խնդիր է նաև գործադուլի իրավունքի երաշխավորումն ու այդ առումով առկա օրենսդրական ու գործնական խոչընդոտների վերացումը:
Ձեռքով ասֆալտ եմ փռել․ Կարապետյանը խոսել է «խոպանում» իր առաջին աշխատանքի մասին
Մանասյանն անհրաժեշտ է համարում շարունակաբար կատարելագործել աշխատանքային իրավունքների ապահովման նկատմամբ վերահսկողության գործիքները և բարձրացնել ինչպես աշխատողների, այնպես էլ՝ գործատուների իրազեկվածությունը։
ՄԻՊ-ը ընդգծել է, որ Մայիսի 1-ը ևս մի հնարավորություն է վերաիմաստավորելու աշխատանքի դերը յուրաքանչյուր մարդու կյանքում և ևս մեկ անգամ ընդգծելու աշխատանքային իրավունքների պաշտպանության կարևորությունը։
Հիշեցնենք, որ աշխարհի ավելի քան հարյուր պետություններում մայիսի 1–ը նշվում է որպես Աշխատավորների համերաշխության միջազգային օր: Պատմության մեջ մայիսի 1–ը մտել է 1884 թ., երբ ԱՄՆ-ում և Կանադայում կազմակերպվեցին ցույցեր` ի պաշտպանություն ութժամյա աշխատանքային օրվա: Խորհրդային Միությունում մայիսի 1–ը նշվում էր որպես մեծ տոն` ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էին գրեթե բոլորը: Սովետական Հայաստանում այս տոնը սկսվեց նշվել 1919 թ.: «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում այս օրը ամրագրված է որպես Աշխատանքի օր, և այն ոչ աշխատանքային է: