ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջորդ շաբաթվանից Վաշինգտոնը Եվրամիությունում արտադրված ավտոմեքենաների և բեռնատարների ներմուծման մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 25%։
«Ուրախ եմ հայտարարել, որ Եվրամիության կողմից մեր առևտրային համաձայնագրի պայմանները չկատարելու պատճառով, հաջորդ շաբաթ ես կբարձրացնեմ ԱՄՆ ներմուծվող ավտոմեքենաների և բեռնատարների համար Եվրամիությունից գանձվող մաքսատուրքերը։ Մաքսատուրքերը կբարձրանան մինչև 25%», - գրել է Թրամփը Truth Social-ում։
Նա նշել է, որ ԱՄՆ-ում եվրոպական ընկերությունների կողմից արտադրված ավտոմեքենաների վրա մաքսատուրքերը չեն տարածվի։
Հիշեցնենք, որ 2025 թվականի ամռանը ԱՄՆ-ն և ԵՄ-ն հայտարարեցին, որ առևտրի գծով շրջանակային համաձայնագիր են ստորագրել։ Համաձայնագիրը նախատեսում է, որ ԵՄ-ն կչեղարկի բոլոր ամերիկյան արդյունաբերական ապրանքների մաքսատուրքերը, մինչդեռ ԱՄՆ-ն կպահպանի 15% մաքսատուրք եվրոպական ապրանքների մեծ մասի համար։ ԵՄ-ն նաև մտադիր է մինչև 2028 թվականը մոտ 750 մլրդ դոլարի հեղուկ բնական գազ, նավթ և ատոմային էներգետիկայի արտադրանք գնել ԱՄՆ–ից, ինչպես նաև առնվազն 40 մլրդ դոլարի ամերիկյան ԱԲ-չիպեր իր հաշվողական կենտրոնների համար։