Բողոքի նոտայով չեն բավարարվել. Ադրբեջանը որոշել է կասեցնել համագործակցությունը ԵԽ–ի հետ

Բաքվում ԵՄ դեսպանը ավելի վաղ կանչվել էր Ադրբեջանի ԱԳՆ, նրան բողոքի նոտա էր հանձնվել ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի պատճառով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի - Sputnik. Ադրբեջանը բոլոր ուղղություններով կասեցնում է համագործակցությունը Եվրախորհրդարանի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Ադրբեջանի խորհրդարանի լիագումար նիստում ընդունված բանաձևից:
Ինչպես հայտնում են Բաքվի ԶԼՄ-ները, խորհրդարանի մասնակցությունը Եվրոպական միության և Ադրբեջանի խորհրդարանական համագործակցության կոմիտեի գործունեությանը դադարեցված է:
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի կանոնադրության համաձայն՝ սկսվել է այդ կազմակերպությանը Միլի Մեջլիսի անդամակցության դադարեցման մասին ընթացակարգային կանոնների իրականացումը, և այդ գործընթացի ժամանակ Միլի Մեջլիսի պատվիրակությունը չի մասնակցի «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի միջոցառումներին:
Քիչ ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաքվում Եվրոպական միության դեսպան Մարիանա Կույունչիչը մայիսի 1-ին կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: Բաքուն «վճռականորեն դատապարտել է» ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որում իբր տեղ են գտել «Ադրբեջանի նկատմամբ անհիմն և կանխակալ դրույթներ»: Դեսպանին բողոքի նոտա էր հանձնվել:
Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունել էր Եվրախորհրդարանի բանաձևը, որում, մասնավորապես, վերահաստատվում է հանձնառությունը արցախահայերի իրավունքների պաշտպանությանը: Փաստաթուղթը, մասնավորապես, արձանագրում է միջազգային անվտանգության երաշխիքների ներքո իրենց հարազատ տներ վերադառնալու` արցախցի հայերի իրավունքը: