Բաքուն դարձյալ դժգոհ է. ԵՄ դեսպանին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ

Բաքուն «վճռականորեն դատապարտել է» ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը: Եվրոպացի դիվանագետին բողոքի նոտա է հանձնվել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Բաքվում Եվրոպական միության դեսպան Մարիանա Կույունչիչին մայիսի 1-ին կանչել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն:
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Բաքուն «վճռականորեն դատապարտել է» ապրիլի 30-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը, որում իբր տեղ են գտել «Ադրբեջանի նկատմամբ անհիմն և կանխակալ դրույթներ»: Դեսպանին բողոքի նոտա է հանձնվել:
Դիվանագետին ասել են, որ «Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների վերադառնալու մասին պնդումները լիովին անհիմն են և Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու բնույթ ունեն»:
Նրան ասել են, թե հայ բնակիչները տարածաշրջանը լքել են «կամավոր»: Բաքվում նաև հրաժարվել են ճանաչել հայ գերիների ապօրինի պահման և Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման փաստը:
Հանդիպման ընթացքում եվրոպական կողմին կոչ են արել «զերծ մնալ նման քայլերից, որոնք վնաս են հասցնում Ադրբեջան-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կարգավորման գործընթացին»:
Ավելի վաղ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ողջունել էր Եվրախորհրդարանի բանաձևը, որում, մասնավորապես, վերահաստատվում է հանձնառությունը Արցախի հայերի իրավունքների պաշտպանությանը: Փաստաթուղթը, մասնավորապես, արձանագրում է միջազգային անվտանգության երաշխիքների ներքո իրենց հարազատ տներ վերադառնալու` արցախցի հայերի իրավունքը: