ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik․ Արցախից տեղահանվածների շրջանում աղքատության և գործազրկության մակարդակը զգալիորեն գերազանցում է ՀՀ միջին ցուցանիշները։ Աշխատանքի օրվա կապակցությամբ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ներկայացրել է Հայաստանում ապաստանած արցախցիների սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող մի շարք ցուցանիշներ։
Բեգլարյանի հրապարակած տվյալների համաձայն՝ բռնի տեղահանվածների սոցիալական վիճակը բնութագրվում է հետևյալ թվերով.
• Աղքատության մակարդակ. արցախցիների շրջանում այն կազմում է շուրջ 70%, ինչը մոտ երեք անգամ ավելին է ՀՀ միջին ցուցանիշից (23%):
• Գործազրկություն. աշխատունակ արցախցիների շրջանում գործազրկության մակարդակը հասնում է 70%-ի, ինչը հինգ անգամ գերազանցում է ՀՀ միջինը (14%):
• Եկամուտներ. աշխատող արցախցիների միջին աշխատավարձը 2024 թվականի տվյալներով շուրջ 40%-ով ցածր է ՀՀ միջին աշխատավարձից։
• Բնակարանային ապահովում. տեղահանվածների շուրջ 80%-ը չունի սեփական բնակարան և բնակվում է վարձակալությամբ, ինչը մեծացնում է ընտանիքների սպառողական զամբյուղի ծախսերը։
Արտակ Բեգլարյանը նշված վիճակագրությունը պայմանավորում է պետական աջակցության ծրագրերի անարդյունավետությամբ։ Նրա խոսքով՝ առկա է խզում պաշտոնական հայտարարությունների և իրական պատկերի միջև։
«Այս իրավիճակն ունենք ՀՀ իշխանությունների ձախողված սոցիալական, զբաղվածության ու բնակարանային ծրագրերի պատճառով։ Իսկ իրենք ներսում ու դրսում կուրծք են ծեծում, թե իբր ինքնուրույն հաղթահարել են «փախստականների մարդասիրական ճգնաժամը» և մի հատ էլ մատ թափ տալիս մեզ վրա, երբ մատնացույց ենք անում հիմնախնդիրները»,- նշել է նա։
Անդրադառնալով հասարակական կարծիքին՝ Բեգլարյանը շեշտում է, որ արցախցիների արտաքին զսպվածությունը հաճախ սխալ մեկնաբանվում է որպես սոցիալական բարվոք վիճակ։
«Եթե զուսպ ու բազմաչարչար արցախցիները չեն լացում, դա դեռ չի նշանակում, թե նրանց սոցիալական վիճակը բարվոք է։ Ընդ որում, հաճախակի նույնիսկ Հայաստանի սովորական բնակիչներն են մտածում, թե լուծված են արցախցիների սոցիալական խնդիրները, այնինչ իրականությունը ցավալիորեն ու կտրականապես տարբերվում է այդ քարոզչական առասպելից»,– ասել է նա։
Նախկին պետնախարարը նաև կանխատեսում է, որ միջազգային հարթակներում, մասնավորապես Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում, իշխանությունների կողմից կներկայացվեն մարդասիրական ճգնաժամի «հաջող հաղթահարման» մասին թեզեր, որոնք, ըստ նրա, չեն արտացոլում իրականությունը։