ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Իրանի՝ խաղաղ նպատակներով միջուկային էներգիա զարգացնելու իրավունքի ճանաչումը և պատժամիջոցների վերացումը անհրաժեշտ պայմաններ են Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների վերսկսման համար։ Հնդկական CNN-News18 հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին ասել է Հնդկաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ֆաթալին։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մեզ համար քննարկման ենթակա չէ իրանցի ժողովրդի՝ խաղաղ միջուկային էներգիա ունենալու օրինական իրավունքը։ Մենք Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամ ենք և մինչ օրս գործել ենք միջազգային կանոնների շրջանակում»,-ասել է իրանցի դեսպանը՝ պատասխանելով ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու համար Իրանի պայմանների մասին հարցին։
Ֆաթալիի խոսքով՝ Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացումը նույնպես բանակցությունների վերսկսման կարևորագույն նախապայմաններից է։
«Վերջին 47 տարվա ընթացքում ԱՄՆ–ն և նրանց դաշնակիցները ամենախիստ և անմարդկային պատժամիջոցների միջոցով հսկայական ճնշում են գործադրել իրանցի ժողովրդի վրա։ Իրանի միլիարդավոր դոլարների ակտիվների սառեցումը, պատժամիջոցները բժշկության ոլորտում, նոր ինքնաթիռների գնման արգելքը և նույնիսկ ավիացիոն պահեստամասերի ներկրման սահմանափակումները իրանցի ժողովրդի վրա ճնշում գործադրելուն ուղղված քաղաքականության միայն մի մասն են»,- պարզաբանել է նա։
Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 22-ին հայտարարեց, որ Պակիստանի խնդրանքով որոշել է երկարաձգել հրադադարը, բայց Իրանի ծովային շրջափակումը կշարունակվի։