ՍԱՏՄ–ն ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպում». նմուշները կուղարկվեն փորձաքննության

Վերցված նմուշների փորձաքննության արդյունքները դեռ հայտնի չեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իր նախաձեռնությամբ ստուգումներ է սկսել «Ջերմուկ գրուպ» ընկերությունում։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց կառույցի խոսնակ Անուշ Հարությունյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Честный знак» մակնշման համակարգը Ռոսպոտրեբնադզորի հանձնարարությամբ արգելափակել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի ավելի քան 1 մլն շշի վաճառքը։ Որոշումն ընդունվել է ստուգման արդյունքներով. նմուշներում հայտնաբերվել են պարտադիր պահանջների խախտումներ։
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իր նախաձեռնությամբ վերահսկողություն է սկսել «Ջերմուկ գրուպում». թե՛ իրացման ցանցից, թե՛ արտադրությունից վերցվել են նմուշներ լաբորատոր փորձաքննության համար։ Արդյունքները լինելուն պես կհրապարակվեն»,- ասաց Հարությունյանը։
Նա նշեց, որ այս պահին ռուս գործընկերներից որևէ գրություն կամ պաշտոնական տեղեկություն չեն ստացել։