ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Գալիք 5 տարում ջրային խնդիրները ՀՀ գործող իշխանությունների համար լինելու են 5 բացարձակ առաջնահերթություններից մեկը։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր տնտեսությունը եկել, զարգացել, հասել է մի կետի, որ առանց ջրային ոլորտում ֆունդամենտալ բարեփոփոխությունների` մենք կհայտնվենք տեղապտույտի վիճակում։ Սա սպոնտան մի բան չէ, այլ երկու տարուց ավելի է` մենք որոշումներ ունենք և քայլ–քայլ նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացնում»,– հայտարարեց նա։
Փաշինյանի խոսքով` առաջիկայում արդեն կոնկրետ հնարավորություններ կլինեն ծրագրերն իրականացնելու համար։ Ըստ նրա` խոսքը հանրապետության ամբողջ ջրային ենթակառուցվածքը փոխելու կամ հիմնանորոգելու մասին է։
«Վերջին տարիներին մեծ աշխատանքն է կատարվել, սակայն դրանք ընդհանուրի մեջ շատ փոքր տոկոս են կազմում, երբ պատկերացնում ենք մասշտաբը, թե ինչքան չոռոգվող հողեր կան Հայաստանում կամ կան բնակավայրերի առանձին թաղամասեր, որտեղ խմելու ջրի հասանելիություն ընդհանրապես չկա»,– ընդգծեց Փաշինյանը։
Նրա խոսքով` այս ամենի ենթատեքստում պետք է նկատի ունենալ նաև ջրահեռացման աշխատանքները։
«Զարմանքով ենք արձանագրում, որ 21–րդ դարում Երևանում կան ամբողջական թաղամասեր, որոնք ընդհանրապես կոյուղիներ չունեն»,– ասաց վարչապետը։
Փաշինյանը վստահեցրեց, որ իրենց քաղաքական, ռազմավարական արձանագրումն այն է, որ օգտագործումից հետո որևէ ջուր չպետք է բաց թողնվի բնություն։