Մայիսի 2–ին ՀՀ կմտնի այնքան հեղուկ գազ, որ գներն էականորեն կիջնեն. ՀՀ էկոնոմիկայի նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքով` Հայաստանում հեղուկ գազ չկար երկու պատճառով` Իրանի հետ կապված իրադրություն էր և Վերին Լարսի խնդիր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Հայաստանում մայիսի 2–ի դրությամբ Հայաստան կմտնի այնքան հեղուկ գազ, որ գներն էականորեն կիջնեն։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Երեկ չէ առաջին օրը արդեն իսկ եկել է մի քանի մեքենա, երեկ ավելի շատ մեքենա է եկել, այսօր սպասվում են տասնյակ մեքենաներ, վաղը ևս տասնյակ մեքենաներ կմտնեն Հայաստան»,– նշեց նախարարը։

Ըստ նրա` Հայաստանում հեղուկ գազ չկար երկու պատճառով` Իրանի հետ կապված իրադրություն և Վերին Լարսի խնդիր։ Լարսն արդեն իսկ բաց է։
Հարցին, որ դեռ այս տարվա հունվարին Պապոյանը հայտարարել էր, որ համաձայնություն կա, որ երկաթուղով Ադրբեջանի տարածքով հեղուկ գազ բերել, սակայն մինչ օրս դա չի իրականացվել, նախարարն ասաց.
««Հարավկովկասյան երկաթուղին» հսկայական ներդրումներ պետք է աներ ու անում է, որպեսզի երկաթուղով հեղուկ գազը հասնի Հայաստան։ Համաձայնություն ձեռք բերել, որ կարող է երկաթուղու միջոցով հեղուկ գազ գալ Հայաստան մի բան է, դրանից հետո հսկայական ներդրումներ անել, որ կարողանան հեղուկ գազը բերել` մեկ այլ բան»։
Հիշեցնենք` Վերջին օրերին վարորդները դժգոհում են, որ լցակայանների մի մասը չի գործում, իսկ գործողներում էլ գազը կա՛մ սահմանափակ է, կա՛մ վաճառվում է բարձր գներով։ Երկար հերթ են կանգնում, որպեսզի ավտոմեքենան լիցքավորեն։ Որոշ գազալցակայաններում հեղուկ գազը կտրոններով է վաճառվում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից պարզաբանել էին իրավիճակը` նշելով, որ պաշտոնական տվյալներով՝ շուկայում առկա դժվարությունները պայմանավորված են հիմնականում լոգիստիկ խնդիրներով։