ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է Լիբանանի հարավում «Հզբոլլահ» շարժման հինգ զինյալների ոչնչացման մասին, ովքեր, իսրայելցի զինվորականների պնդմամբ, սպառնալիք էին ներկայացնում ՑԱԽԱԼ-ի համար:
«Իսրայելի ռազմաօդային ուժերը ոչնչացրել են «Հզբոլլահի» հինգ զինյալների, որոնք գործում էին Լիբանանի հարավում իսրայելցի զինվորների մոտ՝ այդպիսով դառնալով անմիջական սպառնալիք», - ասված է մամուլի հաղորդագրության մեջ:
ՑԱԽԱԼ-ում հավելել են, որ նախօրեին «Հզբոլլահից» պայթուցիկով անօդաչու թռչող սարքեր են արձակվել Լիբանանի հարավում տեղակայված իսրայելական զորքերի ուղղությամբ։
«Անօդաչուները պայթել են իսրայելցի զինվորների մոտ։ Տուժածների մասին տվյալներ չկան։ Այս միջադեպերը հրադադարի մասին համաձայնագրերի խախտում են «Հզբոլլահի» կողմից», հայտարարել են մամուլի ծառայությունում:
Պաշտոնապես Լիբանանի և Իսրայելի միջև պահպանվում է հրադադարի ռեժիմը, սակայն իսրայելական օդուժը և հրետանին շարունակում են ամենօրյա հարվածները Լիբանանի տարածքին: «Հզբոլլահ» շարժումը պատասխանում է սահմանագոտում իսրայելցի զինվորականների վրա հարձակումներով: ՑԱԽԱԼ-ը հրադադարի ռեժիմը խախտելու մեջ պարբերաբար մեղադրում է «Հզբոլլահին»։